Ծխողների մոտ առաջանում են ճարպային վտանգավոր կուտակումներ, չնայած մարմնի զանգվածի ցածր ինդեքսին. հետազոտություն

30 հուլիսի, 2020  09:42

Նույնիսկ մարմնի զանգվածի ցածր ինդեքսի դեպքում ծխողների մոտ ավելի մեծ է կենսականորեն կարեւոր օրգանների շուրջը ճարպաշերտերի առաջացման հավանականությունը՝ նրանց համեմատությամբ, ովքեր երբեք չեն ծխել, նախազգուշացնում են Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնից հետազոտողները:

Երբ ավելցուկային ճարպը կուտակվում է որովայնի խոռոչում եւ օրգանների շուրջը, դա կարող է խախտել դրանց նորմալ գործելը եւ առողջական խնդիրներ առաջացնել: Այս խանգարումը կապված է այնպիսի խնդիրների զարգացման ավելի մեծ հավանականության հետ, ինչպես սիրտ-անոթային հիվանդությունները եւ 2-րդ տիպի դիաբետը:

Հետազոտողներն օգտագործել են համակարգչային տոմոգրաֆիան միջին տարիքի ավելի քան 3 հազար մարդու մոտ չափելու համար որովայնի, վիցերալ, միջմկանային եւ ներմկանային ճարպը:

«Մենք հայտնաբերել ենք, որ ծխողների մոտ փորի մկաններն ավելի շատ ճարպ են ունեցել,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, ռադիոլոգիայի ոլորտում հետազոտական ծրագրերի ղեկավար Ջեյմս «Գրեգ» Թերին: - Ծխողների մոտ ավելի շատ է եղել նաեւ վիցերալ ճարպը՝ նրանց համեմատությամբ, ովքեր երբեք չեն ծխել: Նրանց մոտ, որոնք հրաժարվել են այս կործանարար սովորությունից, եղել են վիցերալ եւ միջմկանային ճարպի միջանկյալ մակարդակներ: Սա կարող է նպաստել սիրտ-անոթային հիվանդությունների ավելի մեծ տարածվածությանը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում