Կորոնավիրուսով պտղի ներարգանդային վարակումն, այնուամենայնիվ, հնարավոր է․ գիտնականներ

25 օգոստոսի, 2020  11:27

Պտուղն, այնուամենայնիվ, կարող է մորից կորոնավիրուսով վարակվել, ուստի համավարակի շրջանում հղիներին հանձնարարվում է առանձնապես զգույշ լինել, նախազգուշացնում են հնդիկ հետազոտողները։ Frontiers of Cell and Developmental Biology ամսագրում հրապարակված նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ նոր կորանվիրուսը կարող է թափանցել ընկերքի միջոցով։

Ընկերքի կարեւորագույն ֆունկցիաներից մեկը պաշտպանական պատնեշի ապահովումն է, որն արգելափակում է մորից երեխային վարակների փոխանցումը։ Սակայն կորոնավիրուսի ազդեցությամբ այս պատնեշը կարող է «կոտրվել», քանի որ կնոջ ընկերքի բջիջները վիրուսի ռեպլիկացիայի (ԴՆԹ-ի կրկնապատկում) համար անհրաժեշտ մեխանիզմ ունեն։

Մասնագետները հետազոտության շրջանակում վերլուծել են կնոջ ընկերքի ՌՆԹի (ռիբոնուկլեինաթթու) հաջորդականությունները եւ հայտնաբերել, որ այս օրգանն ունի ռեցեպտորներ, որոնք Sars-CoV-2 կորոնավիրուսն օգտագործում է մարդու վերին շնչուղիների եւ թոքերի բջիջներ թափանցելու համար։ Սա նշանակում է, որ այս օրգանը կարող է ոչ միայն վարակվել, այլեւ վիրուսը տեղային տարածել։

Հետազոտության հեղինակներն ընդգծել են կորոնավիրուսով վարակված հղի կանանց ավելի մանրակրկիտ մանկաբարձական հետազոտությունների, ինչպես նաեւ ընկերքի վարակման հնարավորության ուսումնասիրման անհրաժեշտությունը։

Հուլիսի կեսին Ֆրանսիայում արդեն նկարագրվել է պտղի ներարգանդային վարակման դեպք․ ծննդկանը վարակված էր կորոնավիրուսով, եւ այս վիրուսը հայտնաբերել են նաեւ երեխայի մոտ, որը ծնվել է կեսարյան հատմամբ։ Ծնվելուց անմիջապես հետո, ինչպես նաեւ 3 եւ 18 օր հետո ախտածինը հայտնաբերվել է երեխայի արյան մեջ եւ թոքերի արտազատումներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում