Ի՞նչպես է պետք առաջին օգնություն ցուցաբերել արեւային կամ ջերմային հարվածի ժամանակ: Այս մասին պատմում է սրտաբան Վահե Սարգսյանը:
Արեւային եւ ջերմային հարվածի ախտանիշները
Ջերմային հարվածին բնորոշ են հետեւյալ ախտանիշները.
• Թուլություն,
• Սրտխառնոց,
• Գլխապտույտ,
• Ուշագնացություն,
• Ուժեղ քրտնարտադրություն,
• Գունատություն,
• Մի փոքր բարձր ջերմություն:
Արեւային հարվածի ժամանակ այդ ախտանիշներին կարող են միանալ նաեւ հետեւյալները.
• Մաշկի կարմրություն եւ տաքություն,
• Կողմնորոշման խախտում,
• Ցնցումներ,
• Փսխում,
• Արագ, ուժեղ պուլս,
• Ջերմությունը՝ ընդհուպ մինչեւ 40 աստիճան:
Առաջին օգնություն
• Ինչպես նշել է սրտաբան Վահե Սարգսյանը, առաջին հերթին տուժածին պետք է տեղափոխել հով տարածք՝ արեւից եւ հոգից հնարավորինս հեռու:
• Այնուհետեւ տուժածին պետք է հորիզոնական դիրք տալ:
• Շտապօգնություն կանչել:
• Մինչեւ շտապօգնության ժամանելը տուժածին շատ հեղուկներ տալ, ցանկալի է՝ մաքուր ջուր:
Որոշ մասնագետներ նաեւ խորհուրդ են տալիս քանել կամ գոնե քանդել տուժածի հագուստը եւ թրջել նրա մարմինը սառը ջրով:
Ոչ մի դեպքում չի կարելի տուժածին ալհոհոլ կամ կոֆեին պարունակող խմիչքներ տալ, քանի որ դրանք նպաստում են օրգանիզմի ջրազրկմանը: Դեղամիջոցներ նրան տալ նույնպես պետք չէ՝ թողեք դա շտապօգնության բժիշկներին:
Ինչպե՞ս խուսափել ջերմային/արեւային հարվածից
1. Աշխատեք առավոտյան եւ երեկոյան, մանավանդ եթե Ձեր աշխատանքը պահանջում է դրսում շատ ժամանակ անցկացնել: Երբ դրսում աշխատում կամ ուղղակի քայլում եք, հաճախակի հանգստացեք՝ արեւից հեռու:
2. Եթե չկան հակացուցումներ, շատ հեղուկ օգտագործեք, նույնիսկ եթե ծարավ չեք զգում: Ընդ որում, հեղուկը չպետք է լինի գազավորված ըմպելիքների, ալկոհոլի կամ կոֆեինի տեսքով, քանի որ այդ ըմպելիքները հակառակ էֆեկտն ունեն՝ դրանք ջրազրկում են օրգանիզմը եւ պայմաններ ստեղծում ջերմային հարվածի համար:
3. Ճիշտ հագուստ կրեք՝ բաց գույնի, բնական գործվածքներից: Խուսափեք շատ նեղ հագուստից, քանի որ այն խանգարում է օդի շրջանառությանը:
4. Եթե հոգնածություն կամ թուլություն եք զգում, կամ՝ գլխապտույտ եւ սրտխառնոց, արագ տեղափոխվեք զով տարածք:
5. Եթե այլ երկիր եք մեկնում, միանգամից արեւի տակ դուրս մի եկեք՝ թույլ տվեք օրգանիզմին սովորել նոր կլիմային:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում