Ձվարանների մասնակի հեռացումից հետո կինը կարող է երեխա ունենալ. հետազոտություն

30 սեպտեմբերի, 2020  09:46

Ձվարանների քաղցկեղը դատավճիռ չէ պտղաբերության համար. այն կանայք, ովքեր մասամբ հեռացրել են ձվարանները կարողացել են երեխաներ ունենալ: Ընդ որում, մեծամասնությանը օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործում չի պահանջել. նրանք ի վիճակի էին հղիանալ բնական ճանապարհով: Այս մասին հայտնում են Կարոլինի ինստիտուտի (Շվեդիա) գիտնականները:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Fertility & Sterility ամսագրում, գիտնականները ցույց են տվել, որ կանանց խումբը, ովքեր մասամբ հեռացրել են ձվարանները, նույնքան բարձր ապրելունակություն ունի, ինչ եւ արմատական վիրահատության, այսինքն` ձվարանների ամբողջական հեռացման ենթարկված կանանց խումբը:

«Ըստ ամենայնի, հղիանալու կարողությունը մնում է, եթե ոչ ռադիկալ վիրահատություն է անցկացվում: Այս տեղեկատվությունը կարեւոր է երիտասարդ կանանց բուժման մեթոդների մասով որոշումներ կայացնելիս»,- ասել է հետազոտության առաջին հեղինակ Գրեյ Յոհանսենը:

Այս հետազոտությունն առաջինն է համարվում իր տեսակի մեջ, որն ուսումնասիրում է կանանց վերարտադրողականության հարցը ձվարանների քաղցկեղի բուժումից հետո: Սահմանային ուռուցքների դեպքում պտղաբերությունը պահպանող վիրահատությունների վերաբերյալ նախորդ հետազոտությունները հիմնականում կենտրոնանում էին թերապեւտիկ արդյունքների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում