Հայ մասնագետները բջջային հավելված են մշակել սմարթֆոնների համար` տարբեր իրավիճակներում՝ վնասվածքների, արյունահոսությունների, օձերի, կարիճների եւ միջատների խայթոցների, հանկարծահաս հիվանդագին վիճակների եւ մի շարք այլ դեպքերում առաջին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ խորհուրդներով:
«Իրական դպրոցում» առաջին բուժօգնության դասընթացավար Սաթենիկ Մնացականյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ First Aid-Armenia հավելվածի հիմքում 2016 թվականին Instigate ընկերությունում Սպարտակ Հովհաննիսյանի կողմից անցկացված առաջին բուժօգնության դասընթացների ընթացքում նկարահանված տեսանյութերն են, ինչպես նաեւ` տվյալներ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) կողմից հրատարակված «Առաջին օգնության հիմունքներ» գրքից:
Հավելվածը բավականին պարզ է եւ ինտուիտիվ առումով հասկանալի օգտագործման համար. այն բացելիս անմիջապես տեսնում ենք մի քանի բաժին` արյունատար համակարգ (արյունահոսությունների մասին), հենաշարժիչ համակարգ (կոտրվածքների/վնասվածքների մասին), սիրտ֊թոքային վերակենդանացում, խայթոցներ, շոկ եւ այլն:
Յուրաքանչյուր բաժին մուտք գործելիս կտեսնեք վերջինիս առնչվող ենթաբաժիններ՝ անդրադարձ տվյալ դեպքում հնարավոր բոլոր խնդիրներին/իրավիճակներին։ Ցանկից կարող եք ընտրել ձեզ անհրաժեշտ խնդիրը/իրավիճակը եւ կարդալ համապատասխան գործողությունների հրահանգների մասին, որոնք սովորաբար ուղեկցվում են նկարազարդումներով:
Հավելվածում նաեւ բաժին կա, որտեղ ներկայացվում է, թե ինչ է անհրաժեշտ ունենալ առաջին օգնության պայուսակում, ինչպես նաեւ՝ ինչպե՞ս եւ ի՞նչ իրադրություններում կիրառել վերջիններս (դեղամիջոցներ, վիրակապական նյութեր և այլն)։
Ինչպես նշել է մասնագետը, այս հավելվածի մշակմանը մասնակցել են մի շարք կամավորական խմբեր, այդ թվում` «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը (պատասխանատու էին բովանդակության մշակման համար), «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը եւ “Backbone Branding” ընկերությունը (նկարազարդումներ), “SmartClick” ընկերությունը (հավելվածի ստեղծում):
Սաթենիկ Մնացականյանը շեշտել է, որ այս հավելվածը միայն առաջին բուժօգնության ցուցումներ է պարունակում եւ ոչ մի կերպ չի կարող փոխարինել մասնագետի կողմից տրամադրվող բժշկական օգնությանը:
Հավելվածը կարելի է անվճար ներբեռնել Android եւ iOS համակարգերով աշխատող հեռախոսների համար: Սակայն հավելվածի մշակումը դեռ շարունակվում է, ժամանակ առ ժամանակ դրանում նոր բաժիններ եւ տվյալներ են ավելացվում:
Android
Apple
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում