Ծխողներին նաեւ կուրությո՞ւն է սպառնում

6 օգոստոսի, 2014  15:11

Հետազոտությամբ պարզվել է, որ ծխող մարդկանց շրջանում դեղին բծի տարիքային դեգեներացիայի առաջացման հավանականությունն անհամեմատ բարձր է: 

Խոսքը աչքի հիվանդության մասին է, որի զարգացման պարագայում տեսողական օրգանի ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի վնասվածք՝ ապաճում կամ սպիավորում է առաջանում, ինչն ի վերջո կարող է կուրության հասցնել: Իրականում, 50 եւ ավելի տարեկան մարդկանց շրջանում ի հայտ եկող կուրության ամենալայն տարածում գտած պատճառը հենց դեղին բծի տարիքային դեգեներացիան է, հաղորդում է NewsMax Health-ը:

Բալտիմորի Ջոնս Հոպկինս համալսարանին կից գործող բժշկական դպրոցի ակնաբույժ դոկտոր Նեյլ Բրեսլերը, ով անմիջական մասնակցություն չի ունեցել վերը հիշատակված ուսումնասիրություններին, Ռոյթերս գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ պատճառահետեւանքային կապի մեկնաբանությունները երկուսն են՝ սիգարետի ծուխը կարող է ցանցաթաղանթը սնուցող արյունատար անոթներին լուրջ վնաս պատճառել, ինչպես նաեւ ցանցաթաղանթի հյուսվածքներում  այնպիսի տոքսինների՝կուտակում հրահրել, որոնք կարող են տեսողության համար անփոխարինելի նշանակություն ունեցող օրգանի գործառնական կարողությունների խաթարման պատճառ դառնալ:

Վիսկոնսինի համալսարանին կից գործող բժշկական դպրոցի ակնաբուժության ֆալուկտետի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ 1988թ.-ին մեկնարկած հետազոտության 4439 մասնակիցներից յուրանքանչյուրը 5 տարին մեկ ուսումնական հաստատություն է ներկայացել՝ աչքի առողջությունը ստուգելու նպատակով: Հետագա 20 տարիների ընթացքում նրանցից 24 տոկոսի մոտ զարգացման վաղ փուլում գտնվող դեղին բծի տարիքային դեգեներացիայի է ախտորոշվել: Ընդհանուր առմամբ, ծխողների շրջանում հիվանդության առաջացման ռիսկը, չծխողների համեմատ, 36 տոկոսով բարձր է գնահատվել: 

Անդրադառնալով դեղին բծի տարիքային դեգեներացիայի առաջացնում ենթադրող գենետիկ մուտացիային, հետազոտության հեղինակները պարզել են, որ սիգարետի ծուխը հիշյալ գեների վրա որեւէ ազդեցություն չի ենթադրում:

Այդուհանդերձ, ուսումնասիրության արդյունքներն բավարար չեն՝ ծխելու եւ կուրություն հրահրող հիվանդության առաջացման միջեւ ուղիղ՝ պատճառահետեւանքային կապն ապացուցված համարելու համար: Նույն կերպ հնարավոր չէ պնդել, թե սիգարետից հրաժարվելով՝ կարելի է հիվանդության զարգացումը կանխելու միջոց ապահովել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում