Ինչո՞ւ չի կարելի քնել սմարթֆոնը կողքին դրած

15 դեկտեմբերի, 2020  23:28

Սմարթֆոնները, ինչպես եւ մյուս սարքերը, ռադիոհաճախականության ճառագայթում ունեն, որը կլանվում է մարդու օրգանիզմի հյուսվածքների կողմից, եւ որը կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա առողջության վրա: Այսպիսի կարծիք է հայտնել նյարդաբան Մարիա Իգնատովան (Ռուսաստան):

Մասնագետի խոսքով՝ մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ ռադիոհաճախականության ճառագայթումը մեծացնում է անպտղության, քաղցկեղային հիվանդությունների, ինչպես նաեւ նյարդաբանական ու հոգեկան խանգարումների զարգացման հավանականությունը:

Էլեկտրամագնիսական ռադիոհաճախականության դաշտերի նկատմամբ առավել զգայուն են երեխաները, հղիները, ինչպես նաեւ սիրտ-անոթային, նյարդային եւ իմունային համակարգերի խանգարումներով մարդիկ: Բժիշկն, ի դեպ, նշում է, որ հավաստի տեղեկություններ չկան մարդու օրգանիզմի վրա հատկապես սմարթֆոնների ճառագայթման բացասական ազդեցության մասին:

Մեծահասակների եւ երեխաների առողջության համար վտանգավոր է համարվում սմարթֆոնների օգտագործումը օրվա գիշերային ժամերին, որովհետեւ էկրանի կապույտ լույսը բացասաբար է ազդում աչքերի եւ օրգանիզմի կենսաբանական ռիթմերի վրա: Դրանից բացի, այդ լույսի ազդեցությունը կարող է առաջացնել անքնություն, գլխացավեր, աշխատունակության նվազում, հիշողության խանգարում:

Բացասական հետեւանքներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս սմարթֆոնը քնի եւ հանգստի վայրից պահել նվազագույնը 2 մետր հեռավորությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում