Ո՞րն է կանանց եւ տղամարդկանց շրջանում կորոնավիրուսից մահացության մակարդակների տարբերության պատճառը

27 հունվարի, 2021  13:45

Տղամարդիկ կորոնավիրուսից 1.7 անգամ ավելի հաճախ են մահանում, քան կանայք: Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, կարծես, վերջապես պարզել են, թե ինչու է այդպես:

Բացատրություններից մեկն այն է, որ կանայք երկու X քրոմոսոմ ունեն, որոնք հարուստ են իմունային արձագանքը կարգավորող գեներով, նշվում է Science ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Չնայած գեների դոզային փոխհատուցման մեխանիզմի արդյունքում X քրոմոսոմներից մեկը խլացված է, ԴՆԹ-ի որոշակի մասը կարող է ակտիվացնել բնածին իմունային համակարգը:

Բարդություններից կանանց կարող է պաշտպանել իգական սեռական հորմոնը` էստրոգենը, որն ի վիճակի է արգելափակել ACE2 ընկալիչը, որն կորոնավիրուսի կողմից օգտագործվում է բջիջներ ներթափանցելու համար: Իսկ ահա արական հորմոնները` անդրոգենները, ավելի են ուժեղացնում վիրուսի` բջիջները վարակելու ունակությունը:

Հետազոտողների կարծիքով` 60 տարեկանից բարձր տղամարդիկ սկսում են կորցնել իրենց առաջնային իմունային պատասխանը SARS-CoV-2-ին, սակայն նրանց մոտ հաճախ չափազանց ուժեղ փոխհատուցող պատասխան է նկատվում իմունային համակարգի այլ մոլեկուլների կողմից, ինչը եւս կարող է մահացու համակարգային բորբոքման հանգեցնել, որը հայտնեի է որպես ցիտոկինային փոթորիկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում