Կորոնավիրուսով վարակվածներին հնարավոր կլինի նույնականացնել կոնֆետների միջոցով

3 փետրվարի, 2021  09:44

Օհայոյի համալսարանի գիտնականները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել, որը նվիրված է կորոնավիրուսային ինֆեկցիայի սքրինինգի արտասովոր մեթոդի:

Հայտնի է, որ վարակվածների նվազագույնը 86 տոկոսի մոտ նկատվում է հոտառության կորուստ, հայտնում է The Daily Mail-ը: Այս տեղեկությունից ելնելով՝ գիտնականները պատրաստ են փորձ անցկացնել եւ ապացուցել COVID-19-ի հայտնաբերման իրենց մեթոդի արդյունավետությունը:

Գիտնականները պատրաստվում են դրա համար օգտագործել միագույն, բայց տարբեր համերի սառնաշաքար: Գաղափարն այն է, որ կամավորների խմբին խնդրեն որոշել կոնֆետների հոտը եւ համը: Պահանջվում է այս հանձնարարությունը ամենօրյա ռեժիմում կատարել 90 օր շարունակ: Ստուգումների արդյունքները գրանցում է բջջային հավելվածը: Եթե ցուցանիշները հանկարծ չհամընկնեն կամ համի/հոտի ընկալման ուժը նվազի, հավելվածը կիրազեկի կարանտինի եւ կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնելու անհրաժեշտության մասին:

Կամավորները նաեւ պետք է գնահատեն կոնֆետների քաղցրությունն ու թթու լինելը: Գիտնականների խոսքով՝ այս մեթոդը թույլ է տալիս տեղեկություններ ստանալ սենսորային համակարգերի մասին, որոնք վիրուսը հաճախ է ախտահարում: Այսպես՝ երբ մարդը կոնֆետը հոտոտում է, ակտիվանում է օրտոնազալ հոտառությունը, իսկ երբ բերանն է դնում՝ հոտառական համակարգի ռետրոնազալ բաղադրիչը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում