Հարավային Կորեայում որոշել են տարեց քաղաքացիներն չպատվաստել AstraZeneca շվեդա-բրիտանական ընկերության պատվաստանյութով: Այս մասին հայտնում է տեղական «Յոնհափ» գործակալությունը:
Նախատեսվում է AstraZeneca դեղամիջոցով պատվաստումը Հարավային Կորեայում սկսել փետրվարի 26-ից: Պատվաստանյութն առաջինը կստանան բնակչության առավել խոցելի խմբերը, ներառյալ ծերանոցների, առողջարանների եւ վերականգնողական կենտրոնների աշխատակիցներն ու կենվորները:
Հարավային Կորեայի կառավարությունը նախատեսել է փետրվար-մարտին պատվաստել 760 հազար բժիշկների եւ տարեցների: Սակայն 65-ն անց քաղաքացիներին ժամանակավորապես չպատվաստելու վերաբերյալ իշխանությունների որոշումը կարող է հանգեցնել ծրագրերի խափանման, նշում է գործակալությունը: Առայժմ հայտնի չէ, թե տարեցները երբ եւ ինչով են պատվաստվելու: Մասնագետների խոսքով՝ պատվաստումը հետաձգել են դեղամիջոցի երրորդ կլինիկական փուլի արդյունքների սպասումով:
Նշենք, որ ավելի վաղ տարեց պացիենտների համար AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումից հրաժարվել էր Իսպանիան. դեղամիջոցը ստանում են միայն 55 տարեկանից փոքր իսպանացիները: Երկրի առողջապահության նախարարությունն այս կերպ համաձայնվել էր մյուս եվրոպական երկրների բժիշկների հանձնարարականներին. նրանք կարծում են, որ ավագ տարիքի պացիենտների համար դեղամիջոցի արդյունավետության եւ անվտանգության վերաբերյալ տվյալներն անբավարար են:
Նշենք նաեւ, որ Հայաստանում նախատեսվում է բնակչության մոտ 3 տոկոսին պատվաստել AstraZeneca-ի դեղամիջոցով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում