Գիտնականները փորձում են ծանր COVID-19-ով տառապող տղամարդկանց բուժել կանացի հորմոններով

24 մարտի, 2021  12:30

Ամերիկյան Cedars-Sinai բուժկենտրոնի գիտնականներն առաջարկել են ծանր COVID-19-ով տառապող տղամարդկանց բուժման նոր մոտեցում՝ կանացի հորմոնների կիրառմամբ:

Ենթադրվում է, որ տղամարդկանց եւ կանանց մոտ SARS-CoV-2-ով վարակման ռիսկը նույնն է: Սակայն տղամարդիկ այդ վարակով ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնվում են 2,84 անգամ ավելի հաճախ, քան կանայք, իսկ նրանց մահվան ռիսկը 1,39 անգամ ավելի է: Դեռ անցյալ տարվա ապրիլին Cedars-Sinai-ի գիտնականները ենթադրում էին, որ հիվանդությունների արդյունքներում գենդերային տարբերությունները կարող են մասամբ կապված լինել կանանց սեռական հորմոնների պաշտպանիչ ազդեցության հետ, ուստի դրանք հնարավոր է օգտագործել տղամարդկանց բուժման համար:

Հետազոտողները ապավինել են պրոգեստերոնին՝ կանացի հորմոն, որն ունի հակաբորբոքային հատկություններ եւ կարող է կանխել ցիտոկինային փոթորիկները եւ նվազեցնել սուր շնչառական դիսթրես համախատանիշի հավանականությունը:

Հիպոթեզը ստուգելու համար գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 42 տղամարդիկ, ովքեր հոսպիտալացվել են միջինից ծանր COVID-19-ով: Կամավորները բաժանվել են երկու խմբի. մի խմբում պացիենտները ստացել են օրական երկու անգամ 100 մլ պրոգեստերոն, մյուս խմբում՝ ստանդարտ թերապիա:

Պրոգեստերոն ստացած տղամարդկանց մոտ նկատվել է կլինիկական կարգավիճակի լավացում: Պրոգեստերոնի խմբից 14 տղամարդկանց մոտ կլինիկական ցուցանիշները բարելավվել են 70%-ով, մինչդեռ վերահսկիչ խմբում դրական դինամիկա է գրանցվել միայն 7 պացիենտի մոտ:

Այս տվյալները վկայում են այն մասին, որ պրոգեստերոնի օգտագործումը կարող է տղամարդկանց բուժման համար անվտանգ եւ արդյունավետ մոտեցում լինել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում