Կարո՞ղ է արդյոք կապ լինել շիզոֆրենիայի եւ բակտերիային ինֆեկցիայի միջեւ

25 մարտի, 2021  18:57

Շիզոֆրենիայով եւ շիզոաֆեկտիվ խանգարմամբ մարդկանցից շատերը վարակված են բարտոնելայով (գրամբացասական բակտերիա), պարզել են Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի եւ Չափել Հիլում Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները:

Հետազոտության հեղինակներին հետաքրքրում էր ինֆեկցիայի եւ հոգեկան շեղումների միջեւ կապը: Մասնավորապես՝ ենթադրվում էր, որ բարտոնելաներով վարակված կատվի առկայությունը կապված է հոգեվիճակի խնդիրների հետ: Կատուն բարտոնելայի հայտնի 40 տեսակից նվազագույնը երեքի՝ Bartonella henselae-ի, Bartonella clridgeiae-ի եւ Bartonella koehlerae-ի կրողն է:

Հետազոտության հեղինակները խումբ են հավաքել կայուն, դեղորայքային վերահսկողությամբ շիզոֆրենիայով կամ շիզոաֆեկտիվ խանգարմամբ 17 մարդուց եւ 13 առողջ մարդուց կազմված ստուգիչ խումբ: Բոլոր կամավորների մոտ ստուգել են արյան մեջ Bartonella ինֆեկցիայի առկայությունը: Նրանք նաեւ անկետաներ են լրացրել՝ նշելով հիվանդության ախտանիշների ծանրությունը եւ բարտոնելայի աղբյուրի հետ հնարավոր շփման առկայությունը:

Շիզոֆրենիայով 17 պացիենտից 12-ի արյան մեջ եղել է Bartonella-ի ԴՆԹ, մինչդեռ ստուգիչ խմբում 13 մարդուց միայն մեկի արյան մեջ է եղել: Անկետաների համաձայն՝ ինչպես պացիենտները, այնպես էլ ստուգիչ խմբում ընդգրկվածները հայտնել են տնային կենդանիների եւ լվերի հետ միանման շփումների մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում