Օստեոպորոզը՝ ժամանակակից հիվանդություն

14 օգոստոսի, 2014  19:34

 Հենաշարժական ապարատի հիվանդությունների բուժումը ժամանակակից բժշկության ամենաայժմեական խնդիրներից մեկն է համարվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, երկրագնդի բնակչության երկու երրորդը հոդերի եւ արմատային նյարդի՝ տարբեր աստիճանի արտահայտվածություն ունեցող ցավերով է տառապում, ինչը կարող է կյանքի որակի նվազեցման եւ աշխատունակության կորստի հանգեցնել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նեւրոպաթոլոգիայի, մանուալ թերապիայի եւ ռեֆլեքսոթերապիայի մասնագետ Մկրտիչ Ավագյանն է նշել:

Հիմնական քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում նաեւ՝ ողնաշարի խանգարումների առաջացման ռիսկի գործոնների շարքին ստորեւ բերված հանգամանքներն են դասվում.

• վնասակար սովորույթները,

• անառողջ սննդակարգը եւ

• հիպոդինամիկան:

Ողնաշարը վաղուց է աշխարհի բոլոր բժիշկների ուշադրության կենտրոնում հայտնվել: Եվրոպական բժշկագիտության հիմնադիրներից մեկը՝ Հիպոկրատը գտնում էր, որ առողջության հետ կապված բոլոր խնդիրները ողնաշարից են սկսվում: Այն ներքին օրգանների առողջության վրա անդրադառնալու, եւ հակառակը՝ դրանց անառողջ ազդեցությունն իր վրա վերցնելու հատկություն ունի: Ինչպես արեւելյան իմաստությունն է խորհուրդ տալիս, «եթե մի շարք հիվանդություններ ունեք, հարկավոր է նախ եւ առաջ ողնաշարը բուժել»:

«Գործընկերներով երկու՝ օրգանիզմի համար առանցքային նշանակություն ունեցող օրգաններին վերագրվող խնդիրներով զբաղվելու առաքելություն ենք ստանձնել: Հենաշարժական ապարատի առանցքը ողնաշարն է հանդիսանում, իսկ ներքին օրգաններինը՝ աղեստամոքսային համակարգը: Լիարժեք առողջ համարվելու համար յուրաքանչյուր մարդ պետք է թե ողնաշարի, եւ թե աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրներից զերծ լինի», - նշել է բժիշկ Ավագյանը: 

Նրա հետ միասին արհեստավարժ մասնագետների մի ամբողջ թիմ է աշխատում, այստեղ կարելի է նյարդաբանի, ռեւմատոլոգի, գաստրոէնտերոլոգի, մաշկաբանի, նուտրիցիոլոգի, ֆիզիոթերապեւտի, կինեզոթերապեւտի, մանուալ թերապեւտի, ռեֆլեքսոթերապեւտի, հոմեոպատի, հոգեբանի եւ լոգոպեդի հանդիպել, որոնք աճառածին՝ հենաշարժական ապարատի հետ կապված եւ ոսկորների, մկանների, կապանների, հոդերի ու դրանց նյարդային գոյացությունների ախտահարմամբ բնութագրվող հիվանդությունների բուժմամբ են զբաղվում:

Նեւրոպաթոլոգ, մանուալ թերապիայի եւ ռեֆլեքսոթերապիայի մասնագետ, Միքայելյան ինստիտուտի ռեաբիլիտացիոն եւ ավանդական բժշկության բաժնի վարիչ Վահան Ավագյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել է, որ ողնաշարի օստեոխոնդրոզի, օստեոպորոզի, արթրոզի, սկոլիոզի եւ հենաշարժական ապարատի այլ՝ դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունների առաջացման եւ ախտորոշումների թվաքականի աճի հիմնական պատճառը նստակյաց կյանքն ու ոչ ռացիոնալ սննդակարգն է, ինչպես նաեւ՝ մարմնի կեցվածքի խախտումն ու ոչ ճշգրիտ շարժական ստերեոտիպը:

Օստեոպորոզ

Օստեոպորոզը (լատ. Osteoporosis, ծագումը՝ երկու հունարեն բառերից՝ osteon - ոսկոր եւ poros - անցք) ոսկրային հյուսվածքներն ախտահարող հիվանդություն է, որի պարագայում ոսկորների մեջ դատարկ տարածքներ են գոյանում, ինչի արդյունքում դրանք կարող են չափազանց փխրուն դառնալ եւ չնչին ծանրաբեռնվածության պարագայում անգամ կոտրվելու վտանգ ներկայացնել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, տարատեսակ ոսկրային վնասվածքներ ստացած կանանց 35 եւ տղամարդկանց 20 տոկոսի պարագայում կարելի է օստեոպորոզի նշաններ նկատել: Հիվանդությունը շուրջ 80 տոկոս դեպքերում դաշտանադադարի փուլ թեւակոխած կանանց մոտ է ախտորոշվում, ինչը նյութափոխանակության խանգարմամբ է պայմանավորված:

Օստեոպորզը պոլիէթիոլոգիական հիվանդություն է եւ երկու հիմնական տեսակներով է բնորոշվում.

1. Առաջնային (հետդաշտանադադարային կամ ծերունական) օստեոպորոզը, որպես կանոն, տարեց (50 տարեկանից բարձր) մարդկանց մոտ է ի հայտ գալիս:

2. Երկրորդային օստեոպորոզը առավելապես օրգանիզմի փոխանակային (կալցիումի մասով), էնդրոկրին կամ հորմոնալ գործընթացիների խախտման արդյունքում է ի հայտ գալիս:

Օստեոպորոզի առաջացման ռիսկերի շարքին կարելի է ինչպես գենետիկ (իգական սեռ, ցածր քաշ, կրիտիկական հասակ, կաթնամթերքի նկատմամբ անհատական դիմադրողականություն), այնպես էլ էնդոկրինոլոգիական (հորմոնային խախտում, վաղ դաշտանադադար, անպտղություն եւն) գործոններ դասել, թեեւ ծխախոտի, ալկոհոլի եւ սուրճի չարաշահումը, ֆիզիկական ակտիվության պակասը կամ ավելցուկը, կալցիումի ալիմենտար անբավարարությունը, D հիպովիտամինոզը, ուղեկից հիվանդությունները (էնդոկրին, մարսողական եւ արյունաստեղծ համակարգերի որոշ խանգարումներ), ինչպես նաեւ դեղամիջոցների (հորմոններ, հակաբիոտիկներ, հակակոագուլյանտներ, հակացնցումային միջոցներ եւն) երկարաժամկետ ընդունումը եւս կարող են բացասական ազդեցություն ունենալ:

Անի Լիպարիտյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում