Ինչո՞ւ է խորհուրդ տրվում բարիատրիկ վիրահատությունից առաջ D վիտամին ընդունել

8 ապրիլի, 2021  09:46

Ճարպակալմամբ պացիենտները բարիատրիկ վիրահատություններից առաջ պետք է ընդունեն D վիտամին: Այս մասին հայտնում են Սեուլի ազգային համալսարանի (Հարավային Կորեա) մասնագետները:

Նախքան բարիատրիկ վիրահատությունը հաճախ D  վիտամինի դեֆիցիտ է հայտնաբերվում ճարպակալմամբ մարդկանց մոտ, հայտնում է Korea Biomed-ը: Սննդարար նյութերի դեֆիցիտի վերաբերյալ տվյալների վերլուծություն է կատարվել 215 պացիենտների շրջանում, որոնք 2019 թվականին ենթարկվել էին բարիատրիկ վիրահատության:

Գիտնականների կարծիքով՝ ճարպակալմամբ պացիենտները բարիատրիկ վիրահատություններից առաջ պետք է ընդունեն որոշակի նյութեր: Պացինետների համար ամենաանհրաժեշտ սննդարար նյութն է եղել D վիտամինը: Ընդ որում՝ մարդկանց 80 տոկոսի մոտ եղել է դեֆիցիտ, պացիենտների 14 տոկոսի մոտ այս վիտամինն ունեցել է անբավարար խտություն:

D վիտամինը կապված է կալցիումի մետաբոլիզմի եւ ոսկորների խտության հետ: Եթե վիրահատությունից հետո քաշն ու մկանային զանգվածը փոքրանում են ոսկորների խտության հետ միասին, մեծանում է կոտրվածքների ռիսկը, զգուշացնում են մասնագետները:

Պացիենտների մոտ գրանցվել է նաեւ B1 վիտամինի դեֆիցիտ (18,3 տոկոս), ֆոլաթթվի (14,2 տոկոս), երկաթի (11,8 տոկոս) եւ ցինկի (7,6 տոկոս): Այս չորս տարրերը համարվում են օրգանիզմի համար անփոխարինելի սննդարար նյութեր: Դրանց անբավարարության դեպքում կարող են նկատվել անեմիա եւ իմունիտետի նվազում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում