Երկրագնդի 10 բնակիչներից մեկը աղի չարաշահման արդյունքում է մահանում

15 օգոստոսի, 2014  20:28

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարեց մարդկանց խորհուրդ է տալիս օրական առավելագույնը 2 գրամ նատրիում (աղ) օգտագործել: Իսկ Թաֆթսի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամեն տարի երկրագնդի 10 բնակիչներից մեկը հիշյալ շեմի գերազանցման արդյունքում՝ սրտանոթային համակարգի հիվանդություններից է կյանքից զրկվում, հաղորդում է Medical News Today-ը:

Նատրիումը սննդամթերքի բազմաթիվ տեսակներում է առկա՝ սկսած սեղանի աղից մինչեւ կաթ, բազուկ եւ նույնիսկ՝ նեխուր: Բացի այդ, քիմիական տարրի բարձր բաղադրություն կարելի է նաեւ սննդամթերքի՝  վերամշակում անցած տեսակների, ներառյալ՝ մսի եւ հացի մեջ գտնել: Նատրիումի ավելցուկը կարող է արյան բարձր ճնշման հանգեցնել, ինչը սրտի հիվանդությունների զարգացման եւ ինսուլտի առաջացման սպառնալիք է պարունակում: Այդուհանդերձ, մինչ այժմ ոչ ոք չէր հաշվարկել, թե որքան վնաս է աղի չարաշահումը երկրագնդի բնակչությանը պատճառում: Մինչդեռ երեւույթի դրդմամբ՝ սրտանոթային հիվանդություններից համաշխարհային մահացության տարեկան ցուցանիշը 1,65 մլն է կազմում:

Փորձագետները երկրագնդի բնակչության շուրջ 75 տոկոսի մասնակցությամբ՝ նախկինում իրականացված 205 հետազոտությունների արդյունքներն են վերլուծել՝ պարզելու համար, թե ինչպես են նատրիումի կիրառման ծավալները ըստ սեռի, տարիքի եւ երկրների փոխվում: Այնուհետեւ հիշյալ ծավալների եւ արյան բարձր ճնշման ու սրտանոթային հիվանդությունների միջեւ կապին վերագրվող ցուցանիշներ են հաշվարկվել, ինչի արդյունքում պարզվել է, որ 2010թ.-ի դրությամբ ամբողջ աշխարհում օրական միջինը 3,95 գրամ աղ է օգտագործվել (թույլատրելի շեմից գրեթե երկու անգամ բարձր): Ընդ որում, չարաշահումը բոլոր երկրների բնակիչների մոտ է նկատվել: Օրինակ՝ արեւադարձային Աֆրիկայում նատրիումի օգտագործման օրական ծավալները 2,18 գրամ են կազմել, ԱՄՆ-ում՝ 3,6 գրամ, իսկ Միջին Ասիայում՝ 5,51 գրամ: Աղի չարաշահման արդյունքում սրտային հիվանդություններից մահացության ամենաբարձր ցուցանիշները աղքատ եւ միջին եկամուտ ապահովող երկրներում են գրանցվել: Գիտնականների խոսքով, իրական պատկերը կարող է առավել սարսափազդու լինել, քանի որ, հետազոտության շրջանակում, աղի օգտագործման ծավալները մեզի հետազոտությամբ են գնահատվել, ինչն այնքան էլ ճշգրիտ եղանակ չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում