Երեւանում 53-ամյա կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել 12 տարի անպտղությունից հետո (ֆոտո)

6 մայիսի, 2021  17:21

Ռուզաննա Ս.-ն 50 տարեկան էր, երբ դիմեց «Աստղիկ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունք: Նա երկար տարիներ բուժում էր անցել, ԱՄԲ-ի մի քանի անհաջող փորձ կատարել: Ռուզաննան եւ իր ամուսինը շատ էին ցանկանում երեխա ունենալ, սակայն՝ ապարդյուն: Նրանք արդեն հուսահատվել էին, սակայն որոշեցին եւս մեկ անգամ փորձել:

Այս տարի ապրիլի 7-ին Ռուզաննան վերջապես ավելի քան 12 տարի սպասելուց հետո երկու տղայի լույս աշխարհ բերեց:

«Աստղիկ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար Մարինա Մկրտչյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց, որ Ռուզաննային ԱՄԲ պրոցեդուրային պատրաստելու համար մոտ երկու տարի է պահանջվել:

«Երկար, քրտնաջան աշխատանք էր պահանջվում, եւ մենք ռիսկի դիմեցինք՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային: Ի վերջո մենք հասանք ցանկալի արդյունքի», - պատմեց մասնագետը:

2020 թվականի օգոստոսին, վերջապես, պացիենտին տեղադրել են երկու սաղմ, որոնք պատրաստել է սաղմնաբան Ինեսսա Կարապետյանը: Սեպտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ կինը հղիացել է, իսկ նոյեմբերին՝ Արցախում պատերազմի ժամանակ, պարզվել է, որ նա երկվորյակի է սպասում:

«Աստված ինձ ուղարկեց որդիների, ապագա զինվորների», - ասել է այդ ժամանակ Ռուզաննան:

Բժիշկներին այդ լուրը եւ՛ ուրախացրել է, եւ՛ մտահոգել:

«Երբ մենք իմացանք, որ ամեն ինչ ստացվել է, բառերով չեմ կարող նկարագրել, թե որքան երջանիկ էինք: Մյուս կողմից, իհարկե, մտահոգվում էինք, քանի որ պացիենտը տարիքով մեծ է, եւ ոչ թե մեկ, այլ երկու երեխա են լույս աշխարհ գալու», - պատմում է Մարինա Մկրտչյանը:

Ռուզաննայի հղիությունը հեշտ չի անցել, սակայն եւ՛ նա, եւ՛ նրա հետ աշխատող բժշիկներն արել են ամեն ինչ, որպեսզի այն բարեհաջող ավարտ ունենա:  

Եվ վերջապես 36-րդ շաբաթում մանկաբարձ-գինեկոլոգ Վադիմ Ֆրոլովի կողմից կատարած կեսարյան հատմամբ ծնվեցին երկվորյակներ Էմիլն ու Լեւոնը: Ծնվելիս նրանք կշռել են 2200 եւ 2400 գրամ: Նեոնատալ բաժանմունքի մասնագետների եւ ղեկավար Նարինե Պողոսյանի աշխատանքի շնորհիվ արդեն 12-րդ օրը տղաները դուրս են գրվել ծննդատնից:

Ռուզաննան Հայաստանում հաջողությամբ հղիացած եւ ծննդաբերած ամենատարիքով պացիենտներից մեկն է: Եվ նրա օրինակը կարող է հույս ներշնչել իր տարիքի եւ երեխաների մասին երազող շատ կանանց:

Հիշեցնենք, որ նոր ծրագրի շրջանակում մինչեւ 53 տարեկան կանայք, ովքեր որդի են կորցրել Արցախի պատերազմում, պետպատվերի շրջանակներում ԱՄԲ անելու հնարավորություն կունենան: «Աստղիկ» ԲԿ-ն եւս այդ ծրագրի շրջանակում ընդունում է պացիենտների:

«Մեր վերականգնողական բաժանմունքը հիմնել է հայտնի իսրայելցի բժիշկ Ռաուլ Օրվիետոն, եւ մենք աշխատում ենք համաշխարհային լավագույն պրոտոկոլներով ու ստանդարտներով: Այսօր մեր բաժանմունքը պատրաստ է աշխատել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ դեպքերով դիմած մարդկանց հետ», - ասաց մասնագետը:

Մարինա Մկրտչյանը նշեց, որ նախկինում նման բան դժվար էր պատկերացնել, սակայն ժամանակակից աշխարհում 50 տարեկան կանայք կարող են ծննդաբերել: Վերոհիշյալ ծրագրի շրջանակում կամ սեփական նախաձեռնությամբ բուժկենտրոն դիմած կանայք առաջին հերթին պետք է հետազոտվեն, եւ եթե պարզվի, որ նրանք առողջ են եւ որեւէ հակացուցում չունեն հղիության համար, նրանք ունեն բոլոր շանսերը ապագայում զգալու մայրության բերկրանքը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում