Ինչով է օգտակար շոկոլադը

9 հուլիսի, 2021  09:42

Շոկոլադը պարունակում է հսկայական քանակությամբ նյութեր, որոնք դրական են ազդում առողջության վրա: Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով ԱՄՆ կենսատեխնոլոգիական տեղեկատվության ազգային կենտրոնի կայքում հրապարակված ուսումնասիրությանը:

Հետազոտության տվյալներով՝ շոկոլադը կարող է փոխազդել նեյրոմեդիատորների որոշ համակարգերի հետ, ինչպիսիք են դոֆամինը, սերոտոնինը եւ էնդորֆինը, որոնք նպաստում են ախորժակի կարգավորմանը եւ տրամադրության բարելավմանը:

Հում կակաոն օգտակար է սրտի համար՝ ֆլավանոլների պարունակության շնորհիվ, դրանք բուսական միացություններ են, որոնք բարելավում են արյան շրջանառությունը սրտում, իջեցնում արյան ճնշումը ու կանխում բորբոքումները եւ նույնիսկ օգնում նորմալացնել խոլեստերինի մակարդակը:

Շոկոլադը կարող է նաեւ ուժեղացնել ուղեղի ակտիվությունը՝ շնորհիվ կոֆեինի եւ թեոբրոմինի, որոնք բնական խթանիչներ են:

Համարվում է նաեւ, որ շոկոլադի օգտագործումը նվազեցնում է Ալցհեյմերի կամ Պարկինսոնի հիվանդությունների առաջացման ռիսկը: Ֆլավանոլները կարող են պաշտպանել օքսիդատիվ սթրեսից եւ բջջային այլ վնասվածքներից՝ տարիքի հետ պահպանելով ճանաչողական ունակությունները:

Մասնագետները խորհուրդ են տալիս շոկոլադի ընտրությանը շատ լուրջ վերաբերվել՝ որքան քիչ շաքար է պարունակում այն, այնքան ցածր է արյան մեջ շաքարի մակարդակի անկումից հետո ինքնազգացողության կտրուկ վատթարացման հավանականությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում