Ինչու՞ է կարեւոր շրթունքները պաշտպանել արեւի ճառագայթներից

20 օգոստոսի, 2021  11:35

Շրթունքների մաշկը նույնքան խոցելի է արեւի ճառագայթների նկատմամբ, որքան մարմնի այլ հատվածների մաշկը՝ այն եւս կարող է այրվել, ավելին՝ կարող է մաշկի քաղցկեղ առաջանալ:

Շրթունքների այրվածքների ախտանիշներ են.

շրթունքների կարմրություն, այտուցվածություն, շրթունքների մաշկի բարակության եւ խոցելիության զգացողություն, ցավոտ զգացողություններ, բշտիկներ շրթունքներին, որոնք, ի տարբերություն հերպեսի, փոքր բշտիկներ են՝ լցված հեղուկով, այլ ոչ թե թարախով:

Ծանր դեպքերում կարող է այտուցվել լեզուն:

Սովորաբար, շրթունքների արեւայրուքն անցնում է 3-5 օրվա ընթացքում, սակայն եթե մի քանի օր անց ախտանշանները պահպանվում են, խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Շրթունքների մաշկի ավելի արդյունավետ բուժման համար խորհուրդ է տրվում.

սառը թրջոցներ դնել շուրթերին` օրինակ` սրբիչ, օգտագործել գելեր եւ քսուքներ ալոե վերայի էքստրակտով, որն ունի բուժիչ ազդեցություն, ոչ մի դեպքում չօգտագործել վազելին եւ նման այլ միջոցներ. արեւայրուքի դեպքում դրանք ջերմությունը պահում են մաշկի վրա, ցավը թեթեւացնելու համար կարելի է օգտագործել առանց դեղատոմսի դեղամիջոցներ, ինչպիսիք են իբուպրոֆենը:

Շրթունքների արեւայրուքից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել շրթունքների արեւապաշտպան միջոցներ: Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել SPF 30 մակարդակի բալզամներ, քանի որ դրանք զտում են ուլտրամանուշակագույն ճառագայթման մինչեւ 97 տոկոսը: Սա հատկապես կարեւոր է, եթե մտադիր եք օրն անցկացնել լողափին կամ բացօթյա լողավազանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում