Ինչով կարող է օգտակար լինել սուրճը

30 օգոստոսի, 2021  16:25

Օրական մինչեւ 3 բաժակ սուրճ խմելը կապված է ինսուլտի եւ սրտանոթային հիվանդություններից մահացության նվազեցման հետ: Այս եզրակացությանն են եկել Զեմելվայսի համալսարանի (Հունգարիա) գիտնականները:

Եվրոպական սրտաբանական ընկերության համագումարում գիտնականները պատմել են, որ իրենց հետազոտության ընթացքում ցանկացել են պարզել սուրճի օգտագործման եւ ինֆարկտների, ինսուլտների ու դրանցից մահվան դեպքերի կապը: Նրանք վերլուծել են Մեծ Բրիտանիայի Biobank-ի հետազոտության 468 629 մասնակիցների առողջության մասին 11-ամյա տվյալները, մասնակիցների միջին տարիքը 56 է եղել, եւ նրանք մինչ այդ սրտանոթային հիվանդություններ չեն ունեցել: Նրանց բաժանել են երեք խմբի՝ սուրճ չօգտագործողներ, չափավոր օգտագործողներ (օրական մինչեւ 3 բաժակ) եւ շատ օգտագործողներ (օրական ավելի քան 3 բաժակ):

Ինչպես պարզվել է, ըմպելիքը չափավոր օգտագործողների մոտ մահվան ռիսկը ցածր է եղել, ընդհանուր առմամբ, 12%-ով, սրտանոթային հիվանդություններից` 17%-ով, ինսուլտից` 21%-ով:

Այս կախվածության պատճառը պարզելու համար ուսումնասիրել են հետազոտության 30 000 մասնակիցների սրտի ՄՌՏ-ն: Պատկերների վերլուծությունը ցույց է տվել, որ կանոնավոր սուրճ չօգտագործողների համեմատ՝ ամեն օր սուրճ խմողների սիրտն ավելի լավ է աշխատել եւ դրա չափերը նորմային ավելի մոտ են եղել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում