Ի՞նչ անալիզներ պետք է հանձնել COVID-19-ից հետո

31 օգոստոսի, 2021  15:32

Ի՞նչ անալիզներ պետք է հանձնեն կորոնավիրուս տարած հիվանդները: Իր կարծիքով կիսվել է թերապեւտ եւ տրանսֆուզոլոգ Անդրեյ Զվոնկովը:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ կորոնավիրուսային վարակի կլինիկական պատկերը շատ բազմազան է, ուստի ապաքինվելուց հետո պետք է ուշադրություն դարձնել, առաջին հերթին, այն օրգանների վիճակին, որոնք հատկապես շատ են տուժել հիվանդության ընթացքում:

Սակայն, ըստ փորձագետի, կան անալիզներ, որոնք պետք է հանձնեն բոլորը:

«Կովիդ տարած մարդու համար նրա վիճակի վերահսկողական անալիզն արյան ամբողջական անալիզն է, դա պարտադիր է անել: Անհրաժեշտ է նաեւ արյան մակարդելիությունը ստուգել, ​​բավական է կարճ կոագուլոգրամա անել, որպեսզի դրանում ներառվի ՄՆՀ (Միջազգային նորմալացված հարաբերակցություն) ցուցանիշը»,- ասել է Զվոնկովը:

Դա կարեւոր է, քանի որ կորոնավիրուսային վարակի դեպքում արյան մակարդելիությունը մեծանում է, իսկ դա մեծացնում է թրոմբոզի վտանգը: Ոսւտի հարկ է համոզվել, որ վերականգնվելուց հետո արյան վիճակը նորմալացել է:

Նաեւ, ըստ մասնագետի, պետք է հակամարմինների առկայության եւ դրանց մակարդակի թեստ հանձնել:

«M դասի հակամարմինները պետք է վերահսկվեն` հասկանալու համար՝ արդյո՞ք դրանք պահպանվել են թե ոչ: G դասի հակամարմինների մակարդակը շատ ավելի կարեւոր է»,- ասել է մասնագետը:Նրա խոսքով՝ տվյալ դեպքում հիմնական ցուցանիշը G հակամարմինների առկայությունն ու դրանց թիվն է: Ընդ որում, հավելեց մասնագետը, պետք չէ փորձել ինքնուրույն գնահատել թեստի արդյունքները, դա պետք է անի բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում