Կարելի է արդյո՞ք մարզվել պաշտպանիչ դիմակներով

6 սեպտեմբերի, 2021  17:46

Մարզվելու ընթացքում դիմակ կրելը չի ​​ազդում դրա արդյունավետության վրա, ուստի կարող եք մարզվել նաեւ դիմակներով: Նման եզրակացության են հանգել Կանզասի համալսարանի Առողջապահության եւ հումանիտար գիտությունների քոլեջի կինեզիոլոգները:

Նրանք ուսումնասիրել են ինտենսիվության աստիճանական ավելացմամբ հեծանիվ են վարող 11 առողջ չափահաս տղամարդու եւ կնոջ՝ տարբեր տեսակի դիմակներով՝ վիրաբուժական, ֆլանելային, N95 կամ առանց դիմակ:

Ինչպես պարզվել է, անկախ դիմակի տեսակից կամ վարժությունների ինտենսիվությունից, արյան մեջ թթվածնի մակարդակը չի նվազել, իսկ հետազոտության մասնակիցների մոտ հիպերկապնիա (արյան մեջ ածխաթթու գազի կուտակում) չի նկատվել:

Ըստ հետազոտության հեղինակների՝ դիմակներ կրելիս հեւոցի զգացողությունն ավելանում է, սակայն վարժությունների առավելագույն տանելիությունը չի խախտվում: Նաեւ էական փոփոխություն չի նկատվում սրտանոթային առաջնային պատասխանների մեջ՝ անկախ վարժությունների ինտենսիվությունից:

Նոր հետազոտության արդյունքները ներկայացվել են Respiratory and Physiology & Neurobiology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում