Թոքերի քաղցկեղը՝ չծխողների մոտ. Նոր տվյալներ

9 սեպտեմբերի, 2021  09:41

Թոքերի քաղցկեղով պացիենտների ճնշող մեծամասնությունը ծխողներ են: Սակայն երբեմն այս հիվանդությունը կարող է չծխողների մոտ զարգանալ: Nature genetics-ում հրապարակված նոր գենոմային վերլուծությունը ցույց է տվել, որ չծխողների մոտ թոքերի քաղցկեղի հետ կապված մուտացիաների մեծ մասը կապ չունի արտաքին ազդեցությունների հետ:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, հայտնի է, որ թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են պասիվ ծխելը, ռադոնի ու ասբեստի ազդեցությունը, թոքերի հիվանդությունները: Սակայն գիտնականները կարծում են, որ դրանց ազդեցությունը չի կարող բացատրել չծխողների մոտ հիվանդության տարածվածությունը:

Նոր հետազոտության հեղինակները թոքերի քաղցկեղի մի քանի տեսակներով 232 չծխող պացիենտների մոտ անցկացրել են քաղցկեղի եւ նորմալ հյուսվածքների գենոմի հաջորդականացում: Ուսումնասիրությունը կատարվել է մինչ այս հիվանդների բուժումը սկսելը:

Հետազոտության հեղինակները նախ քաղցկեղի գենոմը ստուգել են քաղցկեղ առաջացնող հայտնի մուտացիաների առկայության համար, որոնք զարգանում են թթվային սթրեսի եւ քաղցկեղածին նյութերի ազդեցության արդյունքում: Ինչպես պարզվում է, հայտնի ուռուցքաբանական մուտացիաները չեն բացատրում քաղցկեղի որոշ տեսակները:

Պարզվել է, որ չծխողների մոտ քաղցկեղ առաջացնող մուտացիաները սովորաբար կապված են գեների էնդոգեն վնասվածքի, այսինքն՝ օրգանիզմում տարբեր գործընթացների ազդեցության հետ:

Գենոմի անալիզը նաեւ չծխողների մոտ թոքերի քաղցկեղի երեք նոր ենթատեսակ է հայտնաբերել: Գիտնականները դրանց տվել են երաժշտական անուններ՝ կախված մուտացիաների քանակից.

«դաշնամուր» (նվազագույն թվով մուտացիաներով տարբերակ, շատ դանդաղ աճով) «մեցցո-ֆորտե» (մուտացիաները զուգորդվում են քրոմոսոմային փոփոխություններով, համեմատաբար արագ է աճում) «ֆորտե» (բնութագրվում է գենոմի կրկնապատկմամբ եւ արագ աճով):

Գիտնականների կարծիքով՝ քաղցկեղի նոր ենթատեսակների հայտնաբերումը կհանգեցնի դրանց բուժման եւ կանխարգելման անհատական մոտեցումների մշակմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում