Գիտնականները հայտնաբերել են տենդ առաջացնող նոր վիրուս

9 սեպտեմբերի, 2021  11:37

«Վեկտոր» (Ռուսաստան) կենտրոնի մասնագետները տենդի ախտանշաններ առաջացնող նոր վիրուս են հայտնաբերել։

Ինչպես նշում է «Իզվեստիա»-ն, նոր ախտածինը ստացել է Manych անվանումը՝ ի պատիվ Ռուսաստանի հարավային Մանիչ գետի։ Վիրուսը հայտնաբերվել է Ռոստովի մարզի բուժհաստատություններում գտնվող, Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդ ունեցող (ՂԿՀՏ)մարդկանց արյան շիճուկի նմուշներում։

Մասնագետների խոսքով՝ Manych-ով կարելի է վարակվել տզի խայթոցից։ Ընդ որում՝ ՂԿՀՏ-ի հետ միասին այն կարող է մարդու մոտ առաջ բերել վիրուսային ինֆեկցիա տենդին բնորոշ դրսեւորումներով։ Տենդի հիմնական ախտանշաններն են դողը եւ մոտ 39 աստիճան ջերմությունը։

 Manych-ը, գիտնականների խոսքով, նման է Jingmen tick virus (JMTV) վիրուսին, որը չինացի գիտնականները հայտնաբերել են 2014թ. տզերի տարբեր տեսակների թքագեղձերում։ Այս խմբի վիրուսների առանձնահատկությունն այն է, որ դրանց գենոմը բաժանված է 4 մասի, իսկ տիրոջ բջջում բազմանալու համար բոլոր 4 մասնիկները պետք է միանան։

Բժիշկ-վարակաբան, «Ինվիտրո-Սիբիր»-ի գլխավոր բժիշկ Անդրեյ Պոզդնյակովի խոսքով՝ վիրուսն այդ կերպ կարող է հեռանալ օրգանիզմի իմունային պատասխանից։

Մասնագետների խոսքով՝ առայժմ Manych-ը վտանգ չի ներկայացնում մարդկանց համար։ Սակայն չի բացառվում, որ այդ վիրուսը կարող է մուտացվել եւ դառնալ վտանգավոր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում