Գիտնականները ստեղծել են իմպլանտ, որը բուժում է ծանր դեպրեսիան

5 հոկտեմբերի, 2021  19:44

Ամերիկացի գիտնականները ստեղծել են էլեկտրական իմպլանտ, որը կարող է հայտնաբերել եւ բուժել ծանր դեպրեսիան: Լուցկու տուփի չափ սարքը տեղադրվում է հիվանդի գանգային հատվածում եւ միացվում ուղեղին: Այս մասին հաղորդվել է Nature Medicine ամսագրում:

Սարքն արդեն փորձարկվել է 36-ամյա Սառայի կողմից. նա տեղադրել է այն ավելի քան մեկ տարի առաջ եւ ասում է, որ այն փոխել է իր կյանքը: Իմպլանտն անդադար աշխատում է, սակայն իմպուլսը գործարկվում է միայն այն ժամանակ, երբ հիվանդը ունենում է դրա կարիքը:

Սառան վերջին տարիներին բուժման բազմաթիվ մեթոդներ է փորձարկել, այդ թվում` հակադեպրեսանտներ եւ էլեկտրացնցումային թերապիա, սակայն ապարդյուն: Նրա խոսքով՝ նա ամեն օր տառապում էր, գրեթե չէր շարժվում եւ ոչինչ չէր անում:

Իմպլանտի տեղադրումից եւ միացումից հետո նրա կյանքը փոխվել է դեպի լավը, եւ որոշ ժամանակ անց այլեւս չի մտածել ինքնասպանության մասին: Իմպլանտի տեղադրումից մեկ տարի անց կնոջ մոտ կողմնակի ազդեցություններ չեն նկատվում:

Հետազոտող բժիշտ Քեթրին Սկանգոսը բացատրել է, որ տեխնոլոգիան գործում է հիվանդի ուղեղի «դեպրեսիայի շղթայի» վրա: Սարքը կարող է կանխատեսել, թե երբ են նրա ախտանշանները ծանրանում եւ ազդել դրանց վրա: Գիտնականները մտադիր են տեխնոլոգիան ուսումնասիրել դեպրեսիա ունեցող ավելի մեծ թվով հիվանդների դեպքում՝ պարզելու, թե արդյո՞ք այն կարող է օգնել նաեւ այլ մարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում