Հակադեպրեսանտները կարող են արդյունավետ լինել հետքովիդային դեպրեսիայի բուժման համար

7 հոկտեմբերի, 2021  22:56

Հակադեպրեսանտները կորոնավիրուսային վարակի հոգեկան հետեւանքները կարող են նույնիսկ ավելի լավ հաղթահարել, քան «դասական» դեպրեսիաները: Այս մասին հաղորդվում է փոքր հետազոտության մեջ, որի արդյունքները ներկայացվել են Եվրոպական գիտական ​​ասոցիացիայի ECNP համաժողովի ժամանակ:

Medportal.ru-ի փոխանցմամբ` Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցի հոգեբուժության լաբորատորիայի մասնագետները պնդում են, որ COVID-19-ից հետո հիվանդների մինչեւ 40 տոկոսը դեպրեսիա է ապրում, նույնիսկ` նրանք, ովքեր թեթեւ են տարել հիվանդությունը: Հետազոտության ընթացքում մասնագետները բուժել են 58 կամավորի, որոնց մոտ ախտորոշվել է այս հոգեկան խանգարումը կորոնավիրուսային վարակից հետո: Մասնակիցները դեղամիջոցներ են ստացել Սերոտոնինի հետընտրման արգելիչների (SSRIs) խմբից` սերտրալին, պարոքսետին, ֆլուվոքսամին եւ ցիտալոպրամ:

Սովորաբար, այս խմբի հակադեպրեսանտներն արդյունավետ չեն դեպրեսիա ունեցող հիվանդների մեկ երրորդի դեպքում, սակայն հետազոտության մասնակիցների 91 տոկոսի դեպքում գիտնականները նրանց վիճակի զգալի բարելավում են նկատել:

Գիտնականների կարծիքով` այս ազդեցությունը հնարավոր է այդ թվում նաեւ SSRI-երի հակավիրուսային եւ հակաբորբոքային հատկությունների շնորհիվ: Քանի որ կորոնավիրուսից հետո դեպրեսիան առաջանում է վարակի հետեւանքով եւ, ըստ երեւույթին, զուգորդվում են համակարգային բորբոքումով, սա կարող է այդպիսի հիվանդների բուժման առավել օպտիմալ տարբերակը լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում