Ինչո՞վ է ուղեղի ցնցումը վտանգավոր կանանց համար

15 հոկտեմբերի, 2021  22:41

Ուղեղի ցնցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ կանանց վերարտադրողականության վրա։ Այս մասին ասվում է հեռազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Journl of Head Trauma Rehabilitation-ում։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, անգամ թեթեւ գանգուղեղային վնասվածքները (ցնցումները) կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ կանանց առողջության վրա։ Դրանք կապում են դաշտանային ցիկլի խանգարումների, սեռական դիսֆունկցիաների եւ այլ խնդիրների հետ։ Բայց թե ինչպես է ուղեղի ցնցումն ազդում հղիության հավանականության վրա՝ մինչ այժմ հայտնի չէր։

Նոր հետազոտությունում Ռոչեսթերի համալսարանի գիտնականները ներառել են 102 կանանց ուղեղի ցնցումից հետո եւ 143 կանանց, որոնք վերջույթների վնասվածքներ էին ունեցել։ Մասնակիցները 18-45 տարեկան էին։

Ուղեղի ցնցում տարած կանայք վերջին երկու տարվա ընթացքում հղիացել էին 76 տոկոսով ավելի հազվադեպ, քան նույն տարիքի կանայք այլ վնասվածքներից հետո։ Գիտնականները նաեւ հաշվի են առել գինեկոլոգիական հիվանդությունների պատմությունը, որոնք կարող էին խանգարել հղիացմանը, հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը եւ մի շարք այլ գործոններ։

Գիտնականների խոսքով՝ իրենց ստացած տվյալները պետք է ծառայեն որպես կանանց վերարտադրողական առողջության վրա ուղեղի ցնցման երկարաժամկետ ազդեցության մանրամասն ուսումնասիրման սկիզբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում