Մեկ շաբաթվա ընթացքում «Էրեբունի» ԲԿ-ում երկրորդ եռյակն է ծնվել, ամսվա մեջ՝ չորրորդը

18 դեկտեմբերի, 2013  15:42

Դեկտեմբերի 18-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում 31-ամյա Լիլիա Հարությունյանը կեսարյան վիրահատության միջոցով եռյակ է ունեցել` 2 աղջիկ և մեկ տղա: Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը:

Եռյակի համար երեխաների քաշերը նորմալ են՝ 1 կգ 240 գրամ, 1 կգ 170 գրամ՝ աղջիկները, 1 կգ 90 գրամ՝ տղան, հասակները՝ 34-37 սմ։

Ծննդկանն այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի, երեխաները՝ մանկական ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրանց վիճակը նորմալ է։ Երեխաների անունները դեռ չեն որոշել։

Ծնունդն ընդունած մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանն ասաց, որ երեխաներն առողջական խնդիր չունեն, չնայած եռյակի դեպքում առողջական խնդիրների ռիսկը մեծանում է։

Բժշկի խոսքով՝ ի սկզբանե Լիլիան քառյակի է սպասել, բայց չորրորդին հեռացրել են հղիության առաջին եռամսյակում. «Ռեդուկցիա ենք կատարել, քանի որ քառյակի դեպքում վաղ ծննդաբերության ռիսկը մեծ է։ Դա կարող էր հետծննդաբերական խնդիրներ առաջացնել երեխաների մոտ»:

Երեխաներն այնքան են մնալու հիվանդանոցում, մինչեւ մայրը կարողանա ինքնուրույն կերակրել նրանց։

Սա մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ եռյակի ծնունդն է «Էրեբունի» ԲԿ-ում եւ չորրորդը՝ մեկ ամսվա կտրվածքով: Հունվարի առաջին օրերին հիվանդանոցում սպասում են եւս մեկ եռյակի ծնունդի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում