Առաջին օգնության համար անհրաժեշտ 4 սպեղանիները՝ Ձեր խոհանոցում

29 օգոստոսի, 2014  20:48

Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում, բայց խոհանոցում առկա բաղադրիչներն էլ կարող են ճգնաժամի պարագայում լավագույն օգնությունը տրամադրել: Ստորեւ դրանցից մի քանիսն ենք ներկայացնում.

1. Սոխ

Բանջարեղենի այս տեսակը այրվածքների դեպքում կարող է անչափ օգտակար գտնվել: Սոխի շերտն անմիջապես այրվածքի վրա դնելով՝ կարող եք առաջացած ցավը նշանակալիորեն մեղմել: Նույնը մեղվի խայթոցին է վերաբերում:

2. Կանաչ թեյ

Կանաչ թեյը մի շարք օգտակար հատկություններով է օժտված: Այն կարող է ոչ միայն երկարակեցության եւ իմունային համակարգի աշխատանքի խթանման, ինչո՞ւ չէ՝ սրտանոթային խանգարումների բուժման, այլ նաեւ՝ աչքերի այտուցվածությունը վերացնելու միջոց ծառայել: Երեւույթի պատճառն այն է, որ կոֆեինը այտուցվածության մակարդակը նվազեցնելու եւ արյունատար անոթները սեղմելու հատկություն ունի:

3. Մեղր

Մեղրը, հիմնական հատկանիշներից բացի, նաեւ խումարը բուժելու կարողությամբ է աչքի ընկնում, քանի որ կարող է ալկոհոլի բաղադրիչների առավել արագ նյութափոխանակության հանգեցնել: Բացի այդ, այն կալիումի հարուստ պաշար է պարունակում, իսկ հարբած մարդու օրգանիզմում, գիշերային ժամերին, որպես կանոն, հիշյալ քիմիական տարրի պակասորդ է առաջանում:

4. Աղ

Աղը գերազանց հակաբորբոքային հատկություններով է աչքի ընկնում: Կոկորդի ցավեր ունենալու դեպքում աղաջրով ողողումը փրկարար միջոց կարող է ծառայել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում