Ինչպե՞ս է շաքարն ազդում հոգեկան խանգարումների զարգացման վրա

30 դեկտեմբերի, 2021  19:38

Պարզվել է, որ շաքարի շատ օգտագործումը հոգեկան հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն է: Որքան շատ շաքարավազ է օգտագործում պացիենտը, այնքան ախտանշաններն ավելի ծանր են: Ընդ որում՝ դեռահասներն ավելի ենթակա են այս ռիսկերին:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ ճապոնացի գիտնականները վերլուծել են օգտագործվող շաքարի քանակը եւ պարզել, որ հոգեկան խանգարումներ ունեցող դեռահասները զգալիորեն ավելի շատ շաքար են օգտագործում, քան բնակչության մյուս խմբերը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ հոգեկան խանգարումներ ունեցող պացիենտները սովորաբար մոտ 2,5 անգամ ավելի շատ շաքար են ուտում, քան առողջ մարդիկ: Ավելին, որքան շատ շաքար են օգտագործում, օրինակ, շիզոֆրենիայով հիվանդները, այնքան ավելի ծանր են նրանց խանգարման ախտանիշները։

Այս փոխկապակցվածության պատճառը կարող է գեների մեջ թաքնված լինել։ Սա ստուգելու համար գիտնականները վերցրել են հոգեկան խանգարումների հակման գեն ունեցող մկների։ Երբ կենդանիները իրենց զարգացման մեջ համապատասխանել են «դեռահասության» սահմանման տարիքային չափանիշին, նրանց ակտիվորեն կերակրել են շաքարով։ Արդյունքում նրանց մոտ ի հայտ են եկել հոգեկան խանգարումների տարատեսակ ախտանիշներ՝ հիշողության նվազում, հիպերակտիվություն, ԷԷԳ-ի ոչ նորմալ ցուցանիշներ եւ այլն։

Մկների մոտ հայտնաբերվել է նաեւ գլխուղեղի փոքր անոթների ախտահարում (ուղեղային միկրոանոթային անգիոպաթիա), որը կոգնիտիվ խանգարումների եւ անոթային դեմենցիայի զարգացման հիմնական գործոնն է։ Նմանատիպ խանգարումներ նկատվում են նաեւ շիզոֆրենիայով եւ երկբեւեռ խանգարումներով պացիենտների մոտ:

Միեւնույն ժամանակ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը օգնել են կանխել այս պաթոլոգիաների զարգացումը, որոնք ճնշել են ոչ միայն ուղեղի արյան անոթների քայքայումը, այլեւ դադարեցրել են հոգեբուժական որոշ ախտանիշների մի մասը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում