Շաքարի որոշ փոխարինիչներ կարող են կապված լինել քաղցկեղի առաջացման վտանգի հետ։ Այսպիսի եզրահանգման են եկել Ֆրանսիայի Առողջապահության ազգային ինստիտուտի եւ Սորբոնի համալսարանի (Փարիզ) գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքների մասին նշվել է PLOS Medicine ամսագրում հրապարակված հոդվածում։
Շաքարի փոխարինիչների պոտենցիալ քաղցկեղածնության գնահատման համար գիտնականները 2009 թվականից ուսումնասիրել են NutriNet-Santé պայմանագրային կոհորտային հետազոտությանը մասնակցած 102 865 մեծահասակ ֆրանսիացիների տվյալները։ Կամավորները տեղեկացրել են իրենց հիվանդության պատմության, սոցիալ-ժողովրդագրական տվյալների, սննդակարգի, կենսակերպի մասին։ Մասնագետները հավաքել են տվյալներ արհեստական քաղցրացնողների մասին եւ վիճակագրական վերլուծություն կատարել՝ հասկանալու համար, թե կա արդյոք կապ այդ նյութերի եւ քաղցկեղի առաջացման վտանգի միջեւ։
Վերլուծությունում հաշվի են առնվել նաեւ ռիսկի լրացուցիչ գործոնները, այդ թվում՝ տարիքը, սեռը, կրթությունը, ֆիզիկական ակտիվությունը, ծխելը, մարմնի զանգվածի ինդեքսը, հասակը, քաշի ավելացումը դիտարկման ժամանակ, դիաբետը, քաղցկեղի ընտանեկան անամնեզը եւ սննդակարգը։
Պարզվել է, որ արհեստական քաղցրացնող նյութեր, հատկապես ասպարտամ եւ ացելսուլֆամ-К օգտագործող մարդիկ քաղցկեղով հիվանդանալու ավելի մեծ վտանգի էին ենթարկված, քան նրանք, ովքեր դրանք չեն օգտագործել (վտանգի գործակիցը 1,13 էր)։ Ընդ որում՝ ավելի մեծ ռիսկեր նկատվել են կաթնագեղձի եւ ճարպակալման հետ կապված քաղցկեղի դեպքերում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում