Ինչու վարսակը կարող է բարելավել ցելիակիայով եւ գլյուտենի անհանդուրժողականությամբ պացիենտների վիճակը

21 մայիսի, 2022  09:35

Nature ամսագրում հրապարակված նորարարական հետազոտությունը վերծանել է վարսակի գենոմը եւ բացատրել, թե ինչու այս հանրաճանաչ հացահատիկը կարող է հարմար լինել ցելիակիայով եւ գլյուտենի անհանդուրժողականությամբ տառապող մարդկանց մեծամասնությանը:

Ցելիակիան աուտոիմուն հիվանդություն է, որից տառապում է աշխարհի բնակչության մոտ 1 տոկոսը: Ցելիակիա հիվանդության պատճառը գլյուտենն է։

Պրոֆեսոր Միշել Քոլգրեյվը նշել է, որ հետազոտողներին հատկապես հետաքրքիր է պարզել, թե ինչու է վարսակից արտադրանքն ավելի քիչ ալերգիա եւ անհանդուրժողականություն առաջացնում՝ համեմատած այլ հացահատիկների հետ, ինչպիսիք են ցորենը կամ տարեկանը:

«Մենք պարզեցինք, որ վարսակի մեջ ավելի քիչ սպիտակուցներ կան, որոնք համապատասխանում են ցորենի գլյուտենին, ինչը իմունային պատասխան է առաջացնում ցելիակիայով մարդկանց մոտ: Սա մեզ թույլ տվեց գենային (ԴՆԹ) եւ սպիտակուցային մակարդակներում հաստատել, որ վարսակը պարունակում է ավելի քիչ սպիտակուցային հաջորդականություններ, որոնք, ինչպես հայտնի է, սննդային ալերգիա եւ անհանդուրժողականություն են առաջացնում»,- ասել է գիտնականը:

Համեմատած այլ հացահատիկների հետ՝ վարսակը պարունակում է նաեւ շատ ավելի շատ բետա-գլյուկաններ, որոնք իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ դրական ազդեցություն թողնում նյութափոխանակության հիվանդություններ ունեցող մարդկանց վրա, ինչպիսին է 2-րդ տիպի շաքարախտը։

Գիտնականները կարծում են, որ այս հետազոտությունը վստահություն է տալիս, որ ցելիակիայով մարդկանց համար վարսակն անվտանգ է, եւ մարդկանց մեկ քայլ ավելի է մոտեցնում նրան, որ տեսնեն դրա անվտանգ ներառումը առանց գլյուտենի դիետայի մեջ:

Առանց գլյուտենի խիստ դիետա պահող մարդիկ ավելի քիչ ամբողջահատիկ են օգտագործում եւ կարող են տառապել սրտանոթային հիվանդությունների ավելի բարձր ցուցանիշներից: Սակայն վարսակը սննդակարգում ներառելը կարող է վերացնել այս բացասական հետեւանքներից շատերը:

Վարսակը հետաքրքիր է ոչ միայն իր բնածին օգտակար հատկություններով՝ դրա մշակումը նաեւ պահանջում է միջատասպաններով, ֆունգիցիդներով եւ պարարտանյութերով ավելի քիչ մշակում՝ համեմատած հացահատիկային այլ մշակաբույսերի հետ:

Վարսակի գենոմի մասին նոր գիտելիքների շնորհիվ այժմ հնարավոր է արագացնել ավելի սննդարար եւ կայուն վարսակի սելեկցիան ու մշակումը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում