Որո՞նք են կատարյալ նախաճաշի գաղտնիքները

24 հունիսի, 2022  09:39

Սննդաբան Վերոնիկա Իլյինան SOLENKA.INFO պարբերականի հարցազրույցում թվարկել է կատարյալ նախաճաշի գաղտնիքները՝ նշելով այն մթերքները, որոնք օգտակար են առավոտյան ուտելու համար։ Մասնագետը հիշեցրել է, որ հենց նախաճաշն է ամենաօգտակարը, քանի որ մեր օրգանիզմը հագեցնում է էներգիայով եւ տրամադրություն հաղորդում ամբողջ օրվա համար։ Ճիշտ նախաճաշը անպայման պետք է ներառի սպիտակուցներ, ճարպեր եւ ածխաջրեր, բայց եւ շատ յուղալի, քաղցր ու հագեցած չլինի։

Իլյինան նշել է նախաճաշի համար լավագույն ուտելիքները, որոնց օգտագործումը մեծ օգուտ կբերի մեր օրգանիզմին։

Վարսակի փաթիլները համարվում են լավագույն մթերքը նախաճաշի համար։ Բայց այս դեպքում խոսքը եփվող վարսակի մասին է։ Վարսակի շիլան ցածր կալորիականություն ունի, բաց միաժամանակ պարունակում է օգտակար սպիտակուց, В խմբի վիտամիններ, կալցիում, կալիում, մագնիում, երկաթ եւ բջջանյութ։

Լավագույն նախաճաշ են նաեւ եգիպտացորենից, հնդկաձավարից, ցորենից եւ այլ ձավարներից պատրաստված ապուրները։ Այդ մթերքները համարվում են բարդ ածխաջրերի աղբյուրներ։ Դրանք հարուստ են ամինաթթուներով եւ հիանալի համադրվում են մեղրի, մրգերի, ընկույզների, հատապտուղների, բանջարեղենների եւ պանրի հետ։

Սպիտակուցը եւս էներգիայի աղբյուր է ֆիզիկական եւ մտավոր աշխատանքի համար։ Այն նպաստում է բջիջների վերականգնմանը եւ «շինանյութի» կարեւոր դեր է խաղում  մարդու օրգանիզմում։ Սպիտակուցային նախաճաշը ավելի երկար է մարսվում, հետեւաբար, կուշտ լինելու զգացողությունը երկար է տեւում։ Դրանք կարող են լինել ձվի մաֆինները կամ ավոկադոյով ձվածեղը։

Հաց սիրողներին Իլյինան խորհուրդ է տվել պատրաստել բուտերբրոդներ ամբողջահատիկ հացով, կաթնաշոռով եւ բանջարեղեններով։ Կարելի է կաթնաշոռը փոխարինել ոչ այնքան աղի սաղմոնով կամ իշխանով։

Վիտամինային նախաճաշ ասելով սննդաբանը նկատի ունի սմուզիներն ու կոկտեյլները՝ պատրաստված անյուղ յոգուրտից եւ թարմ մրգերից կամ հատապտուղներից։ Մասնագետը խորհուրդ է տվել դատարկ ստամոքսին չօգտագործել նարինջ, արմավ եւ տանձ, քանի որ դրանցում կոշտ բջջանյութ եւ թթվայնություն կա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում