Ճապոնացի վիրաբույժները խոցային կոլիտով պացիենտի աշխարհում առաջին օրգանոիդի փոխպատվաստումն են կատարել

23 օգոստոսի, 2022  11:39

Տոկիոյի բժշկաստոմատոլոգիական համալսարանի հետազոտական թիմը հուլիսի 7-ին հայտարարել է, որ իրենց հաջողվել է խոցային կոլիտով պացիենտի աշխարհում առաջին կլինիկական օրգանոիդի փոխպատվաստումը կատարել, հաղորդում է Medical Xpress-ը:

Խոցային կոլիտն առաջացնում է բորբոքում եւ խոցեր մարսողական տրակտում: Այս հիվանդությունը կարող է լինել թուլացնող եւ երբեմն կարող է հանգեցնել կյանքին սպառնացող բարդությունների: Խոցային կոլիտը պատկանում է այն հիվանդությունների խմբին, որը կոչվում է աղիների բորբոքային հիվանդություն: Աշխարհում խոցային կոլիտով հիվանդների թիվը գնահատվում է մոտ 5 000 000: Սովորական բուժումը բորբոքումը դեղամիջոցներով ճնշելն է, սակայն ծանր դեպքերում կարող է հեռացվել ամբողջ հաստ աղիքը:

Կլինիկական հետազոտությունը սկսվել է պացիենտից հաստ աղիքի առողջ լորձաթաղանթ հավաքելով եւ մեկ ամիս մշակելով՝ մոտ 0,1-0,2 մմ տրամագծով գնդաձեւ օրգանոիդներ ձեւավորելու համար: Հուլիսի 5-ին օրգանոիդը կոլոնոսկոպիայի միջոցով փոխպատվաստվել է նույն հիվանդի հաստ աղիքի մեջ։ Պացիենտն ապաքինվել եւ դուրս է գրվել հուլիսի 6-ին։

Այս կլինիկական հետազոտության առավելությունն այն է, որ փոխպատվաստման վանում չկա, քանի որ օգտագործվում են պացիենտի սեփական բջիջները: Բացի այդ, քանի որ հավաքման եւ փոխպատվաստման համար օգտագործվում է կոլոնոսկոպիան, լապարոտոմիայի կարիք չկա, եւ բուժումը կարող է իրականացվել նվազագույն ինվազիվ եղանակով:

Նման փոխպատվաստումից հետո բուժզննում կիրականացվի 4 շաբաթ եւ 8 շաբաթ անց։ Պացիենտը կհետազոտվի մեկ տարի՝ անվտանգությունն ու արդյունավետությունը ստուգելու համար: Օրգանոիդների հետագա փոխպատվաստում կկատարվի ութ պացիենտների։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում