Հիվանդագին կրքի՝ անորեքսիայի բուժման միջոցների մասին

15 սեպտեմբերի, 2014  21:18

Անորեքսիան բուժման տեսանկյունից ամենաբարդ հիվանդություններից մեկն է հանդիսանում: Խնդիրը նրանում է, որ այս խանգարմամբ տառապող մարդիկ «ոչ թե մտքով, այլ սրտով» են առաջնորդվում եւ իրենց ծայրահեղությունների հասցնում: Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ դոկտոր Լուիս Չարլենդը խանգարումը հիվանդագին կրքի հետ է համեմատում:

Ցանկացած կրքոտ մոլուցք կարող է միանգամայն անմեղ երեւույթից սկսվել: Ավելին՝ այն կարող է մարդու կյանքին իմաստ հաղորդել, բայց երբեմն էլ դուրս է գալիս վերահսկողությունից եւ հիվանդության վերածվում: Անորեքսիայի մահացության մակարդակը շուրջ 5 տոկոսի է հասնում. նույնիսկ շիզոֆրենիայով, ալկոհոլիզմով եւ դեպրեսիայով տառապող մարդկանց պարագայում հիշյալ ցուցանիշն այդքան չի կազմում, հաղորդում է The Globe and Mail-ը:

Հիվանդությունն առավելապես երիտասարդ կանանց եւ աղջիկների մոտ է ի հայտ գալիս, թեեւ խանգարմանը կարող են բոլոր տարիքի եւ սեռի ներկայացուցիչները ենթարկվել: Մասնավորապես, սննդային վարքի խանգարում ունեցող հիվանդների 10 տոկոսը տղամարդիկ են: Ընդ որում, բոլոր հիվանդներից ընդամենը 50 տոկոսին է հաջողվում մոլուցքից ձերբազատվելու միջոց գտնել: Եւս 30 տոկոսը մասամբ են ապաքիվում, իսկ 20 տոկոսը շարունակում են տառապել կամ ի վերջո խանգարմանը զոհ դառնալ:

Վերջերս իրականացված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ անորեքսիայով հիվանդների մոտ ուղեղի շղթաների եւ ինքնավերահսկողության համար պատասխանատու կենտրոնների աշխատանքի խանգարում եւ սեփական «ես»-ի ու մարմնի գիտակցության համար վճռորոշ նշանակություն ունեցող ռեակցիաների բթացում է նկատվում: Միաժամանակ ուղեղի շղթաները սննդի նկատմամբ ռեակցիային առնչվող էմոցիաների հետ կապված հավելյալ ակտիվություն են դրսեւորում:

Մասնագետների համոզմամբ, անորեքսիկ հիվանդներին միայն կարգուկանոնը եւ ռեժիմը կարող է օգնել: Կամ էլ անառողջ կիրքը հարկավոր է առողջարարով փոխարինել:

Հարկ է նշել, որ անորեքսիայով տառապող մարդիկ հաջողությամբ են մեկ խնդրի վրա կենտրոնանում եւ անչափ ուշադիր են՝ մանրուքների նկատմամբ: Ուստի պատահական չէ, որ բժշկության, գործարարության եւ իրավաբանության բնագավառում լուրջ հաջողությունների են հասնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում