Ի՞նչ դեր է խաղում սննդային սպիտակուցի սահմանափակումը գիրության եւ շաքարախտի բուժման գործում

22 սեպտեմբերի, 2022  10:37

Բրազիլիայի եւ Դանիայի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ սպիտակուցի ընդունման նվազեցումը կարող է օգնել վերահսկել նյութափոխանակության համախտանիշը եւ դրա որոշ հիմնական ախտանիշներ, ինչպիսիք են գիրությունը, շաքարախտը եւ արյան բարձր ճնշումը: Այս հետազոտության մասին պատմող հոդվածը հրապարակվել է Nutrients ամսագրում:

Մետաբոլիկ համախտանիշը հիվանդությունների խումբ է, որոնք մեծացնում են սրտի հիվանդությունների, ինսուլտի եւ շաքարախտի վտանգը, այդ թվում՝ հիպերտոնիան, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, գոտկատեղի ավելցուկային ճարպը եւ խոլեստերինի աննորմալ մակարդակը:

«Հետազոտությունը ցույց է տվել, որ սպիտակուցի ընդունման նվազեցումը մինչեւ 0.8 գ մեկ կգ մարմնի քաշի համար բավարար է գրեթե նույն կլինիկական արդյունքների հասնելու համար, ինչ կալորիաների սահմանափակման դեպքում, բայց՝ առանց կալորիաների ընդունումը նվազեցնելու անհրաժեշտության: Այդ արդյունքները ցույց են տալիս, որ սպիտակուցի սահմանափակումը կարող է հիմնական գործոններից մեկը լինել, որը սննդակարգի սահմանափակման հայտնի առավելություններին է հանգեցնում», - նշել են հետազոտողները:Հետազոտության ընթացքում մետաբոլիկ համախտանիշով 21 կամավոր 27 օր վերլուծությունների է ենթարկվել, որի ընթացքում վերահսկվել է նրանց սննդընդունումը։ Ամբողջ ժամանակահատվածում նրանք ստացիոնար բուժման տակ էին։Յուրաքանչյուր կամավորի օրական կալորիաների ընդունումը հաշվարկվել է ելնելով նյութափոխանակության սկզբնական մակարդակից (հանգստի ժամանակ էներգիայի ծախսում): Մի խումբ ստացել է այն, ինչ հեղինակները ստանդարտ արեւմտյան սննդակարգ (50 տոկոս ածխաջրեր, 20 տոկոս սպիտակուցներ եւ 30 տոկոս ճարպեր) է կոչվում, բայց 25 տոկոսը՝ ավելի քիչ կալորիաներով:

Երկրորդ խմբում սպիտակուցի ընդունումը կրճատվել էր մինչեւ 10 տոկոս: Սպառված կալորիաների քանակը համապատասխանում էր յուրաքանչյուր կամավորի էներգիայի սկզբնական ծախսին։ Երկու խմբերն էլ օրական 4 գ աղ էին օգտագործում։

Արդյունքները ցույց են տվել, որ ինչպես կալորիաները, այնպես էլ սպիտակուցը սահմանափակող խմբերը նիհարել են՝ նվազեցնելով ճարպն օրգանիզմում եւ բարելավելով նյութափոխանակության համախտանիշի ախտանիշները:

Հետազոտությունից 27 օր հետո երկու խմբերն էլ նույն արդյունքներն են ունեցել արյան շաքարի նվազեցման, քաշի կորստի, վերահսկվող արյան ճնշման եւ տրիգլիցերիդի եւ խոլեստերինի մակարդակի իջեցման առումով: Երկու սննդակարգերն էլ բուժումից հետո բարելավել են զգայունությունն ինսուլինի նկատմամբ: Ճարպն օրգանիզմում նվազել է, ինչպես եւ՝ գոտկատեղի ու ազդրերի շրջագիծը, բայց՝ առանց մկանային զանգվածի կորստի: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում