Ի՞նչ խնդիրների է բախվում 12 մետրանոց եղունգներով կինը (ֆոտո, վիդեո)

8 հոկտեմբերի, 2022  19:07

Գինեսի ռեկորդների գրքի համար աշխարհի ամենաերկար եղունգներն (12,8 մետր) աճեցրած Դիանա Արմսթրոնգը պատմել է իր առջեւ ծառացած դժվարությունների ու սահմանափակումների մասին, գրում է Daily Mail-ը։

Ամերիկյան Մինեսոտա նահանգից 64-ամյա կինը եղունգները սկսել է աճեցնել 1997 թվականին։ Մինչեւ այդ պահը նրա 16-ամյա դուստրը բոլոր հանգստյան օրերին հարդարել է նրա եղունգները։ Բայց աղջիկը մահացել է ասթմայի հերթական նոպայի ժամանակ։ Դստեր մահից հետո Արմսթրոնգն ընդհանրապես դադարել է եղունգները կտրել։

Ժամանակի ընթացքում նա ազատվել է աշխատանքից, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա իր եղունգները աճեցնելու վրա: Սա, բացի փառքից, նրան բազմաթիվ խնդիրներ է բերել։ Օրինակ՝ Արմսթրոնգը ստիպված է եղել հրաժարվել մեքենա վարելուց, քանի որ նրա եղունգները չեն տեղավորվում մեքենայի մեջ։ Նրա համար դժվար է կոճկել եւ արձակել կայծակաճարմանդը, իսկ հանրային զուգարանում նա կարող է մտնել միայն ամենամեծ խցիկը:

Կնոջ խոսքով՝ իր եղունգները ներկելու համար պահանջվում է առնվազն չորս ժամ եւ 15 շիշ լաք։ Երբեմն նա ստիպված է լինում խարտել եղունգների ծայրերը, եւ դրա համար անհրաժեշտ է ատաղձագործի օգնությունը: Արմսթրոնգը հուսով է, որ իր դուստրը կհպարտանար իրենով, քանի որ նա վերջինն է, ով իր մատները հարդարել է: «Ահա թե ում մասին եմ մտածում, երբ եղունգներս աճեցնում եմ, իմ դստեր մասին»,- բացատրել է եղունգների աճեցման ռեկորդակիրը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում