Նոր օրենքը կօգնի՞ հաշմանդամներին աշխատանք գտնել

19 սեպտեմբերի, 2014  20:39

«Զբաղվածության մասին» ՀՀ նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվար ամսից, կնպաստի հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի տեղավորմանը: Այս մասին սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Save the children International» Հայաստանի LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան:

Նոր օրենքը, նրա խոսքով, իր մեջ այսպես կոչված դրական խտրականություն է պարունակում, այսինքն, կվոտա՝ ի օգուտ հաշմանդամություն ունեցող մարդկանց: Պետական կառույցների համար այն սկսելու է գործել 2015 թվականի հունվարից, եւ 100-ից ավելի աշխատողներ ունեցող պետական կառույցների աշխատակազմի առնվազն 3%-ը պետք է կազմեն հաշմանդամություն ունեցող մարդիկ: 2016 թվականի հունվարից կվոտան գործելու է նաեւ բիզնես կառույցների համար. 100-ից ավելի աշխատողներ ունեցող կազմակերպությունների աշխատակիցների գոնե 1%-ը հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է կազմեն:

Մի կողմից, օրենքը, կարծես, իրոք լավն է եւ կարող է հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորություն տալ աշխատանք գտնել: Մյուս կողմից, 100-ից ավելի աշխատակիցներ ունեցող կազմակերպությունները Հայաստանում այնքան էլ շատ չեն, իսկ հաշմանդամություն ունեցող, սակայն աշխատունակ մարդկանց թիվը, ըստ տարբեր հաշվարկների, մոտ 30-40 հազար է կազմում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում