Առողջապահության նախարարը մասնակցել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին

19 սեպտեմբերի, 2014  18:06

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը սեպտեմբերի 15-18-ին Դանիայի  մայրաքաղաք Կոպենհագենում մասնակցեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին։ Նիստերին քննարկվել են տարածաշրջանային առողջապահական խնդիրներ եւ ծրագրեր:

ՀՀ առողջապահության նախարարն իր ելույթում նշել է, որ կյանքի են կոչվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության ռազմավարական գաղափարներն ու դրույթները:

«Այսօր ավարտական փուլում է Հայաստանի առողջապահական համակարգի ազգային ռազմավարության մշակումը: Փաստաթղթի ստեղծման համար հարթակ է հանդիսացել հենց «Առողջություն -2020» ռազմավարական ծրագիրը: Առաջիկա տարիներին այն հիմնարար ուղեցույց կլինի հետագա մեր ծրագրերի իրականացման համար»,- ասել է Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ այդ փաստաթղթի ներդրմամբ առողջապահական ցուցանիշներում իրական դրական տեղաշարժեր կապահովվեն:

Նախարարը շեշտել է, որ առողջապահական համակարգը զարգացնելու նպատակով Հայաստանը մշտապես ձգտում է ընդլայնել ակտիվ եւ արդյունավետ համագործակցությունը գործընկերների, ինչպես նաեւ բժշկական մասնագիտական միավորումների, մասնավոր հատվածի հետ, ինչը կնպաստի նաեւ հանրային առողջապահության զարգացմանը:

«Մենք առանձնահատուկ կարեւորում ենք ԱՀԿ-ի հետ համագործակցությունը եւ ակնկալում հետագա աջակցություն»,- ասել է նախարարը:

«Առողջություն -2020» քաղաքականության վերաբերյալ Արմեն Մուրադյանի ելույթի առթիվ տարբեր երկրների առողջապահության նախարարների կողմից բարձր գնահատականներ են հնչել։ Մասնավորապես նշվել է, որ այդ ուղղությամբ Հայաստանում առաջադեմ քայլեր են ձեռնարկվում` ընդգծելով հատկապես «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրի եւ դրա կատարումն ապահովող միջոցառումների» մշակումը։

Կոմիտեի շրջանակում ԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն առաջիկայում կձեւավորվեն աշխատանքային խմբեր եւ համատեղ կիրականացվի հանրային առողջապահական ծառայություննների եւ համակարգի գնահատում:

Նստաշրջանի 4 օրվա ընթացքում հաշվետվություններ են ներկայացվել նաեւ ԱՀԿ-ի բարեփոխումների, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, առողջության առաջնային պահպանման, երեխաների առողջության եւ սնուցման, պատվաստանյութերով ապահովման եւ այլ խնդիրների վերաբերյալ:

Կոպենհագեն կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» դեղարտադրող ընկերության ղեկավարության հետ։ Այս կազմակերպության հետ նախարարությունը ինսուլինի ձեռքբերման 5 տարվա պայմանագիր է կնքել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության նոր մոտեցումներ։ Արմեն Մուրադյանին ներկայացրել են գիտական եւ կլինիկական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում