Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի որոշ կետեր, ըստ իս, վիճելի են, բայց ես ուրախ եմ, որ պետությունն ստանձնելու է բազային ապահովագրությունը, քանի որ մենք կկարողանանք վաճառել լրացուցիչ ապահովագրական փաթեթներ եւ ստանալ նորմալ շահույթ։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը՝ խոսելով այն մասին, թե արդյոք առողջության համապարփակ ապահովագրոթյան ներդրումը խնդիրներ կստեղծի մասնավոր ապահովագրական ընկերությունների համար։
Ցանկացած մարտահրավեր հնարավորություն է
Համապարփակ ապահովագրության նոր հայեցակարգով, որը մշակել է առողջապահության նախարարությունը, կստեղծվի պետական ապահովագրական հիմնադրամ, որտեղ կկուտակվեն առողջապահությանն ուղղված բոլոր մուտքերը՝ ինչպես բյուջետային, այնպես էլ քաղաքացիների ապահովագրական մուծումները։ Այսօր Հայաստանում պետպատվերն իրականացվում է Առողջապահության պետական գործակալության միջոցով, իսկ պետծառայողների առողջության ապահովագրումը, որի համար նույնպես վճարում է պետությունը (սոցփաթեթ), իրականացվում է մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով։ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմամբ մասնավոր ընկերությունները կզրկվեն սոցփաթեթից, իսկ դա մոտ 120 000 մարդ է։ Մոտավորապես նույնքան մարդ էլ կամավոր բժշկական ապահովագրություն ունի, եւ նրանք նույնպես պետք է դառնան պետական ապահովագրության համակարգի շահառուներ, այնպես որ՝ մասնավոր ընկերությունները կարող են կորցնել մոտ 240 000 հաճախորդ։
«Ցանկացած մարտահրավեր հնարավորություն է»,- նշել է Արեւշատ Մելիքսեթյանը՝ ավելացնելով, որ իրենց փորձը եւ գիտելիքները թույլ կտան մշակել լրացուցիչ ծառայությունների նոր փաթեթներ, որոնք ներառված չեն բազային փաթեթում, կամ՝ նույն ծառայություններն են, բայց լրացուցիչ հնարավորություններով։ «Սոցփաթեթի դեպքում մենք պետության օպերատորն ենք հանդիսանում եւ առանձնապես շահույթ չենք ստանում։ Այնպես որ՝ թող պետությունը հանձն առնի բազային փաթեթը, իսկ մենք կվաճառենք մեր լրացուցիչ ծառայությունները եւ կստանանք շահույթ»,- ասել է նա։
Առողջապահության համակարգը պատրաստ չէ առողջութան համապարփակ ապահովագրությանը
Արեւշատ Մելիքսեթյանի կարծիքով՝ առողջապահության նախարարությունը չի հաշվարկել, թե ինչ թռիչքային աճ կունենա դիմելիությունը, եւ վարքագծային ինչ փոփոխություններ տեղի կունենան, երբ բուժման ֆինանսավորումը մատչելի դառնա Հայաստանի բոլոր բնակիչներին։ Եվ նա կարծում է, որ առողջապահության մեր համակարգը պատրաստ չէ պատշաճ որակի ծառայություններ մատուցել այդ ծավալով։
«Հայաստանում մեկ մարդու հաշվով առողջապահության ծախսերը կազմում են տարեկան 200 դոլար, ներառյալ պետության եւ մարդու սեփական գրպանի ծախսերը։ Իրանում՝ 470 դոլար է, Ռուսաստանում՝ 586, եվրոպական երկրներում՝ մի քանի հազար դոլար։ Սրանք Համաշխարհային բանկի տվյալներն են։ Այսինքն՝ Հայաստանում ՀՆԱ-ում առողջապահության ծախսերի բաժինը պետք է ավելանա գոնե 10 անգամ, որպեսզի ստեղծվի ենթակառուցվածք՝ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ։ Պետք է փոխվի ամբողջ համակարգը՝ սկսած բժիշկների կրթությունից, աշխատանքի պլանավորումից, ինչպես նաեւ աշխատավարձերից։ Այսօր բժիշկները, առաջին հերթին, մտածում են փողի մասին, իսկ նրանք այդ մասին առհասարակ չպետք է մտածեն»,- ասել է նա։
Ծառայությունների լրացուցիչ փաթեթներ
Ընկերության ղեկավարի խոսքով՝ դիմելիության թվի ավելացումը, բուժհաստատությունների քվոտավորված ֆինանսավորման պահպանման դեպքում, կհանգեցնի երկար հերթերի առաջացման որոշ բուժհաստատություններում եւ բժիշկների մի մասի մոտ։
«Կլինեն հերթեր, կանցնի երկու ամիս, եւ մարդիկ կգան լրացուցիչ ապահովագրության հետեւից, որպեսզի խուսափեն հերթերից եւ գնան իրենց նախընտրելի բժշկի մոտ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ ճիշտ կլիներ, եթե «փողը գնար պացիենտի հետեւից», այսինքն՝ վճարումը կատարվեր պացիենտների դիմելու փաստից ելնելով, առանց բուժհաստատությունների քվոտավորման։
Ապահովագրական ընկերության ղեկավարը պարզաբանել է, որ այսօր էլ կան մասնավոր բուժկենտրոններ, որոնք չեն համաձայնում աշխատել սոցփաթեթի գներով, եւ այնտեղ բուժում ստանալ ցանկացողները պետք է ձեռք բերեն լրացուցիչ ապահովագրական փաթեթ։ «Մենք հեծանիվ չենք հայտնագործում։ Բոլոր զարգացած երկրներն անցել են այս փուլը. Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Դանիայում եւ այլ երկրներում առողջապահության ընդհանուր ծախսերում պետական ֆինանսավորման բաժինը կազմում է 30-40 տոկոս։ Գրեթե բոլոր աշխատող մարդիկ գնում են լրացուցիչ փաթեթներ։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, լրացուցիչ փաթեթներ ձեռք են բերում բանկային, ֆինանսական, ՏՏ ոլորտների բոլոր աշխատողները, որովհետեւ մարդիկ ցանկանում են հարմարավետ սպասարկում իրենց հարմար ժամանակ, իրենց ընտրած բժշկի մոտ։ Իսկ NHS պետական ծրագրի շրջանակում մարդիկ ստիպված են 6 ամիս հերթի սպասել»,- ասել է նա։
Ապահովագրությո՞ւն, թե՞ սոցապահովություն
Արեւշատ Մելիքսեթյանի կարծիքով՝ առողջապահության նախարարության առաջարկած համըապարփակ ապահովագրության հայեցակարգը, ըստ էության, ոչ թե ապահովագրության, այլ սոցապահովության հայեցակարգ է։ Ապահովագրությունը որոշակի սկզբունքներ ունի. պատահականության եւ հավանականության։ Իսկ այն, ինչն առաջարկվել է, մասնագետի խոսքով, սոցապահովության ծրագիր է։ «Շատ երկրներում դա այդպես էլ անվանվում է՝ social healthcare system, առանց ապահովագրություն բառի։ Իսկ եթե օգտագործվում է insurance բառը, ապա պետք է լինի երրորդ՝ անկախ կողմ, որը պետք է հավասարակշռի նրան, ով վճարում է՝ ֆինանսների խնայողության առումով, եւ նրան, ով մատուցում է ծառայությունները՝ գին-որակ լավագույն հարաբերակցության առումով։ Իսկ համակարգի կենտրոնում քաղաքացին է, որը պետք է ստանա ամենալավ բուժումն ամենամատչելի գնով։ Իսկ այս դեպքում երկու կողմում պետությունն է։ Ի՞նչ տարբերություն՝ դա կոչվում է պետպատվե՞ր, թե՞ այլ կերպ։ Եթե ապահովագրական մուծումը պետությանը կատարվում է հարկի ձեւով, ապա եկեք այն անվանենք առողջապահության հարկ»,- ասել է նա։
Պետությունն ըստ սահմանման չի կարող լավ կառավարիչ լինել
Արեւշատ Մելիքսեթյանի կարծիքով՝ պետությունը չի կարող լինել լավ կառավարիչ ըստ սահմանման, եւ սա կլասիկա է, ու դրա մասին գրվել է գրքերում։
«Անգամ սոցիալիզմի եւ կոմունիզմի օրոք պետությունը կարող է լավ կառավարիչ լինել միայն դիկտատուրայի դեպքում։ Բայց աշխարհն ընթանում է դեպի դեմոկրատիա, թափանցիկություն եւ մրցակցություն, եւ ծառայությունների ոլորտում նույնպես պետք է մրցակցություն լինի։ Պետք է նայել, թե ով ինչ շահ ունի։ Պետության շահը ո՞րն է՝ քաղաքացու առողջությո՞ւնը։ Շատ լավ։ Իսկ ֆինանսավորո՞ւմը։ Կհավաքենք որքան պե՞տք է։ Լավ։ Իսկ ինչպե՞ս ենք չափելու արդյունավետությունը։ Պետք է լինի շահագրգիռ կողմ։ Այսպիսին է շուկայի տրամաբանությունը, եւ եթե շահույթ ես հետապնդում, պետք է այն ապահովես՝ հավասարակշռելով սոցիալական արդարությունը, գինը, որակը, մատչելիությունը։ Պետությունը պետք է իրականացնի քաղաքականություն, մոնիթորինգ եւ վերահսկողություն։ Իսկ ապահովագրությամբ պետք է զբաղվեն մասնավոր ընկերությունները, սա է տրամաբանական»,- նշել է նա՝ ավելացնելով, որ մեր երկրում մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով սոցփաթեթից արդեն ավելի քան հինգ տարի օգտվում է 120 000 մարդ, եւ ոչ մի դժգոհություն չկա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում