Անցած տարին նշանավորվել է բժշկության եւ առողջապահության ոլորտում ոգեւորիչ ձեռքբերումներով՝ ցրված սկլերոզի եւ գայլախտի ոլորտի նոր հետազոտություններից մինչեւ մազաթափության ու ճարպակալման բուժման նորարարական մեթոդներ, տեղեկացրել է Gizmodo-ն։
2022թ. տեղի են ունեցել մի քանի իրադարձություններ, որոնք արդեն փոխում են կյանքը դեպի լավը (տե՛ս սլայդ-շոուն)։
Խոզի օրգանների փոխպատվաստումՎերջին մեկուկես տարում հետազոտողները զգալիորեն առաջ են շարժվել մարդուն կենդանու օրգանների փոխպատվաստման գործում կամ քսենոտրանսպլանտացիայի գիտության մեջ։ Նրանք ցույց են տվել, որ խոզերից վերցված օրգանները, որոնք գենետիկորեն մոդիֆիկացված են մարդու հետ ավելի շատ նմանություն ունենալու համար, կարող են հարմարվել մարդու օրգանիզմին։ Հունվարին Ալաբամայի համալսարանի թիմը առաջինն արձանագրեց երկու երիկամների փոխպատվաստումը մահացած ուղեղով պացիենտին։
Սա առաջին քայլն է այն ճանապարհին, որն արվել է քսենոտրանսպլանտացիան դոնորական օրգանների քրոնիկական անբավարարության խնդրի իրական լուծում դարձնելու համար, բայց վերջին ժամանակներս նաեւ անհաջողություններ են եղել։ Մահացու հիվանդ մարդը, որը դարձավ խոզի մոդիֆիկացված սրտի առաջին ստացողը 2022թ. մարտին, անսպասելի մահացավ վիրահատությունից երկու ամիս հետո, գուցե, չպարզված վիրուսի պատճառով, որը փոխանցվել էր խոզի սրտի միջոցով։
Մազաթափության բուժման նոր դարաշրջանՄի քանի տարի գիտնականներն ուսումնասիրում էին, թե արդյոք դեղամիջոցների այն դասը, որոնք արդեն օգտագործվում են աուտոիմունային հիվանդությունների բուժման համար, եւ որոնք հայտնի են որպես JAK ինհիբիտորներ, կարող են օգնել նաեւ մազաթափության որոշ տեսակի դեպքում, որը հայտնի է որպես alopecia areata։ Հունիսին դեղամիջոցների վերահսկման վարչությունը վերջնականապես հաստատեց այդ աշխատանքի արդյունքները՝ հավանություն տալով բարիցիտինիբին՝ որպես առաջին JAK-ինհիբիտոր ալոպեցիայի ծանր տեսակի բուժման համար։
Կարծիք կա, որ ալոպեցիա արեատայով տառապում է 7 մլն ամերիկացի, եւ չնայած ոմանք կարող են օգուտ ստանալ բուժման գոյություն ունեցող մեթոդներից, մինչ այժմ չի եղել որեւէ հատուկ դեղամիջոց, որը կազդեր հիվանդության նախապատճառի վրա (հիպերակտիվ իմունային համակարգ)։ Alopecia areata-ի ծանր ձեւ ունեցող մարդիկ կարող են կորցնել մարմնի եւ գլխամաշկի բոլոր մազերը։ Կլինիկական փորձարկումների ժամանակ պարզվել է, որ բարիցիտինիբը վերականգնել է մազերի զգալի քանակություն նման պացիենտների մեկ երրորդի մոտ, որոնք դրա ամենամեծ չափաբաժինն են ընդունել։
Ցրված սկլերոզի հիմնական պատճառի բացահայտումըՑրված սկլերոզը կործանարար եւ մինչ այժմ վատ ուսումնասիրված նյարդաբանական հիվանդություն է, որով, ըստ գնահատականների, տառապում է մոտ 1 մլն մարդ ԱՄՆ-ում։ Հունվարին գիտնականների մի մեծ խումբ հրապարակել է հետազոտություն, որն, ըստ երեւույթին, հաստատել է ցրված սկլերոզի առաջացման հիմնական պատճառը՝ վարակ, պայմանավորված Էփշտեյն-Բարի վիրուսով։
Ամերիկյան զինվորականների բուժական գրառումների տվյալների հիման վրա գիտնականների խումբը ցույց է տվել , որ Էփշտեյն-Բարի վիրուսով վարակվելը զգալիորեն բարձրացնում է ցրված սկլերոզի առաջացման վտանգը տարիներ հետո։ EBV-ով վարակվածների ոչ մեծ թվաքանակի դեպքում է, որ առաջանում է ցրված սկլերոզ, ուստի, հավանաբար, գոյություն ունեն նաեւ այլ գործոններ, որոնք հիվանդության հակում են առաջացնում։ Սակայն այլ փորձագետներ համաձայնել են խմբի եզրահանգումներին, որոնք կարող են նշել բուժման կամ կանխարգելման նոր արդյունավետ մեթոդներ այդ հյուծիչ հիվանդության դեմ, օրինակ՝ պատվաստանյութը EBV-ի դեմ։
Դեղ ներարկող կոնտակտային լինզաներՄարտին FDA-ը հավանություն տվեց առաջին կոնտակտային լինզաներին, որոնք ոչ միայն օգնում են բարելավել տեսողությունը, այլեւ ակտիվորեն դեղ են ներարկում հենց աչքի մեջ։ Լինզաները ստեղծվել են Johnson & Johnson ընկերության կողմից եւ վաճառվում են որպես Acuvue ապրանքանիշի մեկանգամյա կոնտակտային լինզաների մաս։ Դրանք պարունակում են լայնորեն օգտագործվող կետոտեֆին հակահիստամինը, որն օգնում է կանխել կամ բուժել աչքի ալերգիկ քորը 12 ժամով։
Բժիշկները հույս ունեն, որ շուտով այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել աչքերի ավելի լուրջ հիվանդությունների բուժման համար, ինչպիսին են կատարակտան եւ գլաուկոման։
Հնարավոր դեղամիջոց գայլախտի դեմՍեպտեմբերին գերմանացի գիտնականները հրապարակեցին իրենց վաղ հետազոտությունները, որոնք կարող են նոր դարաշրջան նշանավորել գայլախտի բուժման ոլորտում։ Ոչ մեծ հետազոտության ընթացքում նրանք հայտնաբերել են, որ գայլախտ ունեցող պացիենտների մոտ, որոնք քաղցկեղի դեմ բուժում են ստացել, նկատվել է հիվանդության կայուն ռեմիսիա 17 ամիս ժամկետով։
Բուժման այս մեթոդը կոչվում է CAR T-բջջային թերապիա, եւ այն գործում է պացիենտի Т-բջիջների մոդիֆիկացման միջոցով՝ լաբորատոր պայմաններում, քաղցկեղի որոշակի տեսակների դեպքում ավելի արդյունավետ ազդեցության, իսկ հետո դրանք նորից օրգանիզմ մտցնելու համար։ Հետազոտողները ենթադրել են, որ այդ մոդիֆիկացված Т-բջիջները կարող են նաեւ ուղղված լինել սխալ իմունային բջիջների դեմ, որոնք մշակում են գայլախտի համար պատասխանատու աուտոհակամարմիններ։
Հետազոտությանը մասնակցած բոլոր հինգ պացիենտների մոտ CAR T-բջիջներով բուժումից հետո նկատվել է ախտանշանների բարելավում, ինչպես նաեւ լրիվ անհետացել են գայլախտի հետ կապված աուտոհակամարմինները։
Հեմոֆիլիայի գենային թերապիաՆոյեմբերին FDA-ը հավանություն տվեց B հեմոֆիլիայի բուժման՝ իր տեսակի մեջ առաջին մեթոդին։ Սա հազվադեպ գենետիկ հիվանդություն է, որը մարդուն զրկում է արյունը ճիշտ մակարդելու ունակությունից։ Բուժումը, որն այժմ կոչվում է Hemgenix, գենային թերապիա է, որն ապահովում է գենի ֆունկցիոնալ պատճենը, որը խախտված է B հեմոֆիլիա ունեցող հիվանդների մոտ։
CSL Behring ընկերության ստեղծած Hemgenix դեղամիջոցն էժան չի լինելու։ Դրա արժեքը մեկ պացիենտի համար կարող է կազմել 3,5 մլն դոլար։ Բայց այն ստեղծողները սպասում են, որ դեղը կարդարացնի իրեն, քանի որ պետք է նվազեցնի արյան մակարդելիության պակասող գործոնի թանկարժեք ինֆուզիաների անհրաժեշտությունը։ А եւ В հեմոֆիլիաների բուժման այլ գենային դեղամիջոցներ նույնպես շուտով կարող են հայտնվել շուկայում։
Պոլիդեղահաբի հաջողությունըՄիշտ չէ, սակայն, որ բժշկական առաջընթացի արդյունքն անպայման թանկարժեք է։ Օգոստոսին «երեքը մեկում» դեղահաբը սրտի հիվանդությունների բուժման համար, որն անվանել են պոլիպիլ, փորձարկում է անցել։
Սրտի կաթվածով պացիենտների խոշոր բազմազգ հետազոտությունը ցույց է տվել, որ ասպիրին, սովորական ստատին (որը հայտնի է որպես ատորվաստատին) եւ ռամիպրիլ ինհիբիտոր պարունակող պոլիհաբը կանխում է ավելի շատ թվով ինֆարկտներ, ինսուլտներ եւ սիրտ-անոթային այլ հիվանդություններ, քան ստանդարտ բուժումը։
Ստացված արդյունքներն ուղի կբացեն պոլիդեղահաբի ավելի լայն կիրառության համար, որոնք ստեղծում է Ferrer ընկերությունը, եւ որոնք հավանության են արժանացել ԵՄ-ում եւ մի քանի այլ երկրներում։ Դրանք կրում են Trinomia անունը։
Մահացու գենետիկ հիվանդության բուժումը մոր արգանդումՆոյեմբերին ԱՄՆ եւ Կանադայի բժիշկները տեղեկացրել են կարեւոր բժշկական իրադարձության մասին։ Նրանք կարողացել են սկսել պացիենտ կնոջ մահացու գենետիկ հիվանդությունը դեռ մոր արգանդում, ինչը, ըստ երեւույթին, օգնել է կանխել մահացու բարդությունները, որոնցից մահացել էին նրա եղբայրներն ու քույրերը։
Այլա անունով աղջիկը Պոմպեի հիվանդություն ուներ՝ հազվադեպ հիվանդություն, որը թույլ չի տալիս մարդկանց տրոհել օրգանիզմում գլիկոգենը։ Պոմպեի հիվանդության վաղ փուլում գտնվող մարդիկ հաճախ մահանում են կամ զարգացման լուրջ խնդիրներ են ունենում մի քանի տարվա ընթացքում, անգամ եթե ստանդարտ բուժումը նշանակվում է ծնվելուց անմիջապես հետո։ Բայց Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համլասարանի հետազոտողները սկսել են ոչ մեծ փորձարկում, որի ընթացքում պարզել են, թե արդյոք էլ ավելի վաղ՝ մոր արգանդում անցկացվող բուժումը կարող է ավելի լավ արդյունքներ տալ, եւ Այլան դարձել է նրանց առաջին պացիենտը։
Այս մեթոդը դրական արդյունքներ է ունեցել։
Քաղցկեղի դեմ պայքարող վիրուսներՍեպտեմբերին գիտնականները հրապարակել են կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքները, որոնք կարող են քաղցկեղի բուժման նոր ուղղություն դառնալ։
Դեղը կոչվում է RP2 եւ պարզ հերպես 1-ի վիրուսի գենետիկորեն մոդիֆիկացված շտամն է, որը օրալ հերպեսի դեպքերի մեծ մասի պատճառն է։ Replimune ընկերության ստեղծած RP2-ը նախատեսված է ինչպես քաղցկեղային բջիջների ընտրովի ոչնչացման, այնպես էլ քաղցկեղը հաղթահարելու եւ չեզոքացնելու՝ իմունային համակարգի ունակության բարձրացման համար։ Արագ զարգացող քաղցկեղ ունեցող 39 պացիենտներից, որոնց RP2 է նշանակվել առանձին կամ իմունաթերապիայի հետ միասին, 10 պացիենտի մոտ քաղցկեղային ուռուցքները դադարել են աճել կամ փոքրացել են, իսկ մեկ պացիենտի մոտ անգամ լիակատար ռեմիսիա է սկսվել, որը տեւել է 15 ամիս։
Ճարպակալման բուժման վիրաբուժական մեթոդըՄայիսին Eli Lilly ընկերությունը հայտարարեց 2-րդ տեսակի դիաբետի եւ ճարպակալման բուժման իր դեղամիջոցի փորձարկումների 3-րդ փուլի արդյունքների մասին։ Դեղի ամենաբարձր չափաբաժին ստացած մարդիկ կորցրել են մարմնի ելակետային զանգվածի 22 տոկոսը, ինչը գերազանցում է քաշի միջին կորուստը, որը նկատվել է նրանց մոտ, ովքեր կատարել են ստանդարտ սննդային հանձնարարականներ եւ ֆիզիկական վարժություններ։ Տիրզեպատիդի կիրառման արդյունքներն անգամ ավելի զգալի են եղել, քան անալոգային Novo Nordisk ընկերության Wegovy դեղամիջոցի (որն անցած տարի արժանացել էր հավանության ճարպակալման բուժման համար) կիրառման արդյունքները եւ ավելի մոտ են եղել քաշի կորստի միջին մակարդակին, որը նկատվել է առավել արդյունավետ բարիատրիկ գործողություններում։
Այդ ժամանակվանից տիրզեպատիդն արժանացել է FDA-ի հավանությանը՝ որպես 2-րդ տեսակի դիաբետի բուժման դեղամիջոց (վաճառվում է Mounjaro առեւտրային մակնշմամբ)։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում