Էպիլեպսիայի դեմ նշանակվող դեղամիջոցները բանաստեղծական ձի՞րք են արթնացնում

22 սեպտեմբերի, 2014  21:27

Էպիլեպսիայի դեմ նշանակվող դեղամիջոցները կարող են անսովոր կողմնակի ազդեցություններ հրահրել։ Օրինակ՝ մի 76-ամյա կնոջ մոտ բանաստեղծություններ գրելու կոմպուլսիվ ցանկություն է առաջացել: 2013թ.-ին նա բժիշկների օգնությանն էր դիմել՝ հիշողության հետ կապված խնդիրների պատճառով: Բարդությունն այն աստիճան էր խորացել, որ երբեմն մոլորվում էր քաղաքում՝ չհասկանալով, թե որտեղ է գտնվում եւ ինչպես պետք է տուն հասնել: Դրան էլ գումարած՝ վերջին երկու տարիներին էպիլեպսիա հիշեցնող նոպաներ էին ի հայտ եկել, հաղորդում է NewScientist-ը:

Համաձայն ախտորոշման՝ «քունքային էպիլեպսիայով» տառապող կինն ի վերջո ստիպված էր լամոտրիգին ընդունել, ինչը սակայն, նոպաները չեզոքացնելուց զատ, նաեւ վարքագծի փոփոխություն է հրահրել:

Մասնավորապես, կնոջ մոտ պոեզիայի նկատմամբ անսպասելի հետաքրքրություն է արթնացել: Այժմ նա օրական 10-15 բանաստեղծություն է գրում եւ խիստ գրգռվածություն ապրում, երբ գործընթացն ինչ-ինչ պատճառներով խախտվում է: Ընդ որում, կարեւորն այն է, որ գրվածքները հանգավորում պարունակեն՝ բովանդակությունը կարող է եւ տափակ լինել: Այստեղ են ասում՝ փառք Աստծո, որ, մասնագետների հավաստիացմամբ, ժամանակի ընթացքում գրելու ցանկության թուլացում է նկատվում: Հետաքրքրականն այն է, որ նկարագրյալ՝ հիպերգրաֆիա անվամբ հայտնի շեղումը հաճախ շիզոֆրենիկների մոտ է հանդիպում, որոնց պարագայում, սակայն, ստեղծագործությունները բավականին քաոսային կառույցով են աչքի ընկնում: 

Մասնագետների մեկնաբանմամբ, կնոջ մոտ նկատվող նոպաները կարող էին ուղեղի՝ լեզվական համակարգերի, էմոցիոնալ ռեակցիայի եւ պարգեւ զգացման հետ կապված շղթաների սրման հանգեցնել, ինչը բանաստեղծություն գրելու ցանկության կոմպուլսիվ բաղադրիչի նախապայմանն է հանդիսանում: Հիշյալ շղթաները, որոնք միմյանցից բավականին մոտ տարածության վրա են գտնվում, նոպաների ընթացքում ոչ ակտիվ վիճակում են գտնվել, սակայն, շնորհիվ բուժման, ակտիվանալու հնարավորություն են ձեռք բերել: Արդյունքը պոեզիայի նկատմամբ անբացատրելի տենչանքն է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում