5 պարզագույն միջոցառում տղամարդկանց ինֆարկտից փրկելու համար

24 սեպտեմբերի, 2014  11:30

Շվեդ գիտնականները պարզել են, որ տղամարդու պարագայում կենսակերպի ընդամենը մի քանի բաղադրիչների փոփոխությամբ հնարավոր է սրտի կաթվածի առաջացման վտանգի շեշտակի անկման հասնել, հաղորդում է Medical Daily-ն:

Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան ներկայացնող փորձագետների գնահատմամբ, սրտի կաթվածի առաջացման ռիսկը կարելի է նույնիսկ առանց մասնագիտական միջամտության գնահատել: Բավական է միայն սահմանափակ թվով գործոններ՝ ծխելու սովորության առկայությունը, ալկոհոլի օգտագործման մակադակը, ֆիզիկական ակտիվության աստիճանը, երկրորդ տիպի շաքարախտի առկայությունը, արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ, որոշ դեպքերում, արյան բարձր ճնշումը հաշվի առնել: Journal of the American College of Cardiology ամսարգրում նկարագրություն գտած հետազոտության շրջանակում գիտնականները 5 պարզագույն միջոցառումներ են մշակել, որոնք սրտի կաթվածի առաջացման ռիսկը 86 տոկոսի չափով նվազեցնելու ներուժ ունեն:

«Բոլորովին զարմանալի չէ, որ առողջ կենսակերպը կարող է սրտանոթային խանգարումների առաջացման ռիսկի նվազեցման հանգեցնել: Զարմանալին այն է, թե ընդամենը մի քանի գործոնների արդյունքում որչափ մեծ փոփոխություններ կարող են գրանցվել», - նշել է հետազոտության ավագ հեղինակ, Ստոկհոլմի բնապահպանական բժշկության ինստիտուտի դոցենտ Ագնետա Ակեսսոնը:

Գիտնականի գլխավորությամբ գործող հետազոտական խմբի անդամները 11 տարի շարունակ 45-79 տարեկան 20 721 շվեդ տղամարդկանց առողջական վիճակին են հետեւել՝ պարզելու համար, թե որ գործոնների ազդեցությամբ կարող է սրտի կաթվածի առաջացման ռիսկի ամենամեծ դրական փոփոխությունը նկատվել: Մասնավորապես, կամավորների մոտ ծխելու սովորության առկայության, ալկոհոլի սպառման չափաբաժնի, սննդակարգի բաղադրության, ֆիզիկական ակտիվության եւ որովայնային ճարպակալման մակարդակի վերաբերյալ տվյալների հսկայական բազա է հավաքագրվել: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ չծխող, օրական 40 րոպե քայլող կամ հեծանիվ քշող, շաբաթական մեկ ժամ տեւողությամբ մարզվող, ալկոհոլի համեստ ծավալներ ընդունող, հավասարակշռված սննդակարգով առաջնորդվող եւ 94սմ-ից քիչ իրանի շրջագիծ ունեցող տղամարդկանց մոտ բարդության առաջացման ամենացածր ռիսկն է գործում: Մասնավորապես, խոսքն այնպիսի սննդակարգի մասին է, որը մրգերի, բանջարեղենի, լոբազգիների, ընդեղենի, ճարպերի ցածր բաղադրությամբ աչքի ընկնող սննդատեսակների, ձավարեղենի եւ ձկնեղենի կանոնավոր սպառում եւ, արդյունքում, արյան կանոնավոր ճնշում ու խոլեստերինի ցածր մակարդակ է ենթադրում:

Ընդ որում, միայն հավասարակշռված սննդակարգն ու ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող են սրտի կաթվածի առաջացման ռիսկի 35 տոկոսի չափով նվազեցման հանգեցնել: Վերը հիշատակվածին եւս երեքը՝ ծխելու սովորության բացակայությունը, ֆիզիկական ակտիվությունն ու թույլ որովայնային ճարպակալումն ավելացնելով՝ սրտանոթային համակարգի իդեալական առողջություն կունենաք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում