Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսը տեղի կունենա 2023թ. փետրվարի 4-5-ը

31 հունվարի, 2023  14:05

Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսը տեղի կունենա 2023թ. փետրվարի 4-5-ը Վ.Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան դահլիճում (հասցեն՝ Ֆանարջայն 76)։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։

Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսի խորագիրն է «Հայկական ուռուցքաբանություն. ձեռքբերումներ և նպատակների նոր սանդղակներ»։ Այն նվիրված է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, մասնավորապես՝ դրա քաղաքականության ու ռազմավարության խնդիրներին, իրականացվող մասնավոր և համալիր միջոցառումներին ու հետագա ծրագրերին, քաղցկեղի կանխարգելման միջոցներին, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներդրմանը ու ներկայացմանը: Կոնգրեսի ժամանակ արտերկրից ժամանած բարձրակարգ մասնագետները կանցկացնեն «Վարպետաց դաս» (Live surgery)։

Նախատեսվում է մոտ 50 զեկույց և ընդհանուր մոտ 300 պատվիրակի մասնակցություն։ Զեկույցներով հանդես կգան ուռուցքաբանության ոլորտում ճանաչված մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից , ԱՄՆ-ից և Եվրոպայից:

Կոնգրեսի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: 

Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի նախաձեռնողն ու իրականացնողն է Վ.Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում