Հայ բժիշկները հաջողությամբ վերականգնել են տղամարդու՝ «բոլգարկայով» ջնջխված դեմքը

30 մարտի, 2023  15:28

Օրեր առաջ շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել միջին տարիքի տղամարդ՝ դեմքի փափուկ հյուսվածքների շրջանում ջնջխված վերքերով, վերին ծնոտի մասնակի կոտրվածքով:

Ըստ հարազատների՝ տղամարդը վնասվածքները ստացել էր աշխատանքի ժամանակ՝ անկյունային հղկող մեքենայի (болгарка) հետ անզգույշ վարվելու հետեւանքով, ինչն էլ դարձել էր խորը եւ լուրջ վնասվածքների պատճառ:

Ընդունման պահին տղամարդու վիճակը գնահատվել էր ծանր:

Համապատասխան հետազոտություններից ու առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժածն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան:

Վանաձորի բժշկական կենտրոնում՝ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Մարգարյանի եւ վիրահատական թիմի կողմից (անեսթեզիոլոգ՝ Հովսեփ Հովհաննիսյան)  ավելի քան 3 ժամ տեւած վիրահատության ընթացքում կատարվել է ծնոտի օստեոսինթեզ, սեկվեստորների հեռացում, տեղային հյուսվածքների պլաստիկա:

Վիրահատությունն անցել է բարեհաջող, տղամարդը գտնվում է հետվիրահատական փուլում:

Վիճակը գնահատվում է կայուն, շարունակում է գտնվել  բժիշկների հսկողության տակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում