Հայտնի է՝ ովքեր կարող են անվճար օգտվել կոտրվածքների վիրահատության ժամանակ մետաղական կոնստրուկցիաներից

19 ապրիլի, 2023  13:06

Կոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաները (հարթակները, պտուտակները և շյուղերը) պետության կողմից երաշխավորված ԱՆՎՃԱՐ պայմաններով են տրամադրվում խմբերում ընդգրկված հետևյալ քաղաքացիների համար`

ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք. ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք. բռնադատվածները. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները. 6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք. ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ. մինչև 18 տարեկան երեխաներ. հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով. հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով. ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ. երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ. ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք. Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:

Կոտրվածքների վիրահատական բուժումն ունի առավելություններ: Վիրահատական բուժումը թույլ է տալիս իրականացնել բեկորների համադրում և կայուն ֆիքսացիա (անշարժացում)` տարբեր ֆիքսատորների օգնությամբ և հիվանդին արագ ապաքինվել` կանխարգելելով այն բոլոր բարդությունները, որոնք առաջանում են ոչ վիրահատական բուժման ժամանակ` պառկելախոցեր, կանգային երևույթներ շնչառական և սրտանոթային համակարգերում, մկանային ատրոֆիա և այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում