Ծխողի մոտ օնկոլոգիական հիվանդությունների հավանականությունը մի քանի անգամ մեծանում է, ծխող տղամարդկանց 80 տոկոսի եւ ծխող կանանց 50 տոկոսի մոտ զարգանում է թոքերի քաղցկեղ: Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քիմիաթերապեւտ Նաիրա Ջանոյանը։
Նա կոչ արեց ծխելու դեմ պայքարել մանկուց՝ կարեւոր համարելով փակ տարածքներում ծխելու արգելքի մասին որոշումը:
Ջանոյանը հայտնեց, որ 2022 թվականին Հայաստանում գրանցվել է թոքերի քաղցկեղի 883 նոր դեպք, 2021 թվականին՝ 810: 2022 թվականին գրանցվել է կոկորդի քաղցկեղի 114 դեպք, իսկ 2021 թվականին՝ 120։
Նրա խոսքով՝ սա շատ մտահոգիչ ցուցանիշ է։
«Եթե մարդն օրական ծխում է մինչեւ 14 ծխախոտ, ապա թոքերի քաղցկեղի հավանականության գործակիցը կազմում է 7,9, իսկ եթե մեկ տուփ (մոտավորապես 25 ծխախոտ), ապա այդ գործակիցը բարձրանում է մինչեւ 25։ Բացի այդ, պասիվ ծխելը նաեւ բազմաթիվ հիվանդություններ է առաջացնում, այդ թվում ՝ քաղցկեղ»,-նշեց բժիշկը։
Նա պարզաբանեց, որ ոչ ավանդական ծխախոտները, այդ թվում՝ էլեկտրոնային ծխախոտները, նույնպես օնկոլոգիական հիվանդություններ են առաջացնում։
«Օնկոլոգիական հիվանդությունների բուժման մեջ ամենակարեւորը վաղ ախտորոշումն է»,-եզրափակեց նա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում