Դենգե տենդը Հայաստանին չի սպառնում

29 սեպտեմբերի, 2014  22:33

Շատ երկրներում այսօր մեծ տարածում է գտել դենգե տենդը; որոշ վայրերում նույնիսկ արդեն հարյուրավոր մահվան դեպքեր են գրանցվել: Հայաստանին, այդուհանդերձ, դենգե տենդը չի սպառնում: Տրամաբանական այս միտքը հաստատել է նաեւ ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում մասնագետը պարզաբանել է, թե ինչու այդ տենդը չի կարող Հայաստանում տարածվել: Բանն այն է, որ հիվանդության վիրուսը տարածում են հատուկ մոծակներ, որոնք կոչվում են Aedes Aegypti: Դրանք հիմնականում բնակվում են արեւադարձային եւ մերձարեւադարձային կլիմա ունեցող երկրներում եւ Հայաստանին բնորոշ չեն: Քանի որ մարդուց մարդու հիվանդությունը չի փոխանցվում, նույնիսկ եթե դենգեյով հիվանդ մարդ գա Հայաստան, հայաստանցիները նրանից չեն վարակվի:

Դենգե տենդի գաղտնի շրջանը մոտ 5-10 օր է տեւում, որից հետո հիվանդի ջերմությունը բարձրանում է, սկսում են ուժեղ գլխացավեր, հոդային ցավեր, երբեմն էլ՝ ցան մաշկի վրա: Դենգեի դեմ այս պահին գոյություն չունի ոչ հստակ դեղամիջոց, ոչ էլ՝ պատվաստանյութ:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում 45 000 հոգի վարավել է դենգե տենդով: Չինաստանում վարակվածների թիվը 10 000-ից անցել է, իսկ Ճապոնիայում այս պահին հիվանդության 144 դեպք է գրանցվել: Ամենամեծ թվով դեպքերն արձանագրվել են Մալայզիայում՝ 75 000-ից ավելի հիվանդ եւ 143 մահ է գրանցվել:

Սովորաբար տարեկան դենգե տենդով վարակվում է մոտ 50-100 միլիոն մարդ՝ հիմնականում՝ արեւադարձային եւ մերձարեւադարձային երկրներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում