Նոր հետազոտությունը թույլ կտա ստեղծել քաղցկեղի բուժման ավելի անհատականացված մոտեցումներ

18 սեպտեմբերի, 2023  14:45

Քաղցկեղի առաջացման սակավ ուսումնասիրված մեխանիզմի հետազոտությունը թույլ կտա ստեղծել բուժման ավելի անհատականացված մոտեցումներ պացիենտի ուռուցքի նմուշների հիման վրա։ Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականների նոր աշխատանքը հրապարակվել է Science Advances ամսագրում։

Քաղցկեղի բուժման ժամանակակից չափորոշիչներից է քիմիա- եւ ճառագայթային թերապիան։ Սակայն որոշ պացիենտների մոտ արձանագրվում է թերապիայով պայմանավորված ուռուցքային բջիջների «ծերացում (therapy induced senescence-like phenotype, TIS-բջիջներ)։ Այդ բջիջները ցուցադրում են կայունություն բուժման ավանդական մեթոդների հանդեպ, ինչը հանգեցնում է ռեցիդիվի։

Մասնագետներին հաջողվել է պարզել TIS-բջիջների ձեւավորման պրոցեսը։ Դրա համար նրանք օգտագործել են օպտիկական միկրոսկոպիայի ժամանակակից մեթոդները, որոնք ներառում են ուռուցքային բջիջների եռաչափ հոլոգրամները եւ լազերային ճառագայթման ազդեցությունը ուլտրակարճ ազդակներով։ Արդյունքում՝ նրանք կարողացել են որոշել TIS-բջիջների ինչպես քիմիական, այնպես էլ ձեւաբանական բնութագրերը։ Մասնավորապես, հեղինակները հետազոտել են միտոխոնդրիալ ցանցի վերակազմակերպումը, լիպիդների վերարտադրությունը, բջիջների խտացումն ու մեծացումը։

Հայտնագործությունը  թույլ է տալիս ստեղծել բուժման ավելի անհատականացված մոտեցումներ պացիենտի ուռուցքի նմուշների հիման վրա։ Բացի այդ, գիտնականների աշխատանքը կօգնի կատարելագործել քաղցկեղի ախտորոշման գոյություն ունեցող մեթոդները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում