Գիտնականներն ապացուցել են նորածինների կամ նույնիսկ հղիության վերջին ամիսներին պտղի մոտ գիտակցության առկայությունը։ Ավստրալիայից, Գերմանիայից և ԱՄՆ-ից գիտնականների միջազգային խմբի հետազոտության արդյունքները հրապարակվել են Trends in Cognitive Sciences ամսագրում։
Գիտակցության վերաբերյալ ժամանակակից տվյալների հիման վրա մասնագետները մեծահասակների մոտ ուղեղի սկանավորման ժամանակ հայտնաբերել են ուղեղի գիտակցության որոշ նշաններ: Այս նշանները հստակ ցույց են տվել գիտակցության և դրա բացակայության տարբերությունը: Հետազոտողներն այնուհետև օգտագործել են նույն չափանիշները նորածինների գիտակցությունը գնահատելու համար:
Նրանք պարզել են, որ նորածինները կարող են ինտեգրել զգայական և զարգացող ճանաչողական արձագանքներն ամբողջական գիտակցված փորձի մեջ, որը թույլ է տալիս նրանց հասկանալ ուրիշների գործողությունները և պլանավորել իրենց պատասխանները: Հայտնի է, որ նորածինների մոտ տեսողությունը շատ ավելի քիչ է զարգացած, քան լսողությունը։ Նրանք, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ բան կարող են գիտակցել, քան մեծահասակները, ինչպես նաև նրանց ավելի երկար ժամանակ է պահանջվում օբյեկտների նույնականացման համար: Սակայն, հեղինակներն ասում են, որ նրանք կարող են հեշտությամբ մշակել տեղեկատվություն, օրինակ՝ տարբեր լեզուների հնչյունները, ավելի լավ, քան ավելի մեծ երեխաները: Բացի այդ, ծնվելու պահին նորածնի ուղեղն ունակ է գիտակցված փորձառությունների, որոնք կարող են էապես ազդել նրա ինքնազգացողության և շրջակա միջավայրի ըմբռնման զարգացման վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում