Հայաստանում մոտ 46 000 հաշվառված հոգեկան հիվանդ կա

1 հոկտեմբերի, 2014  14:56

Հայաստանում այսօր 46 000-ից ավելի հաշվառված հիվանդ կա, որոնցից մոտ 1200-ը հոգեբուժարաններում են բուժում ստանում, իսկ մնացածը՝ տնային պայմաններում: Այս մասին լրագրողներին ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն է հայտնել:

Նշված հիվանդներից մոտ 20 000-ը հաշմանդամություն ունեն եւ, մասնագետի համոզմամբ, պետք է հանրության ուշադրության կենտրոնում գտնվեն:

Հայաստանում ամենատարածված հոգեկան հիվանդություններից մեկը շիզոֆրենիան է. երկրում մոտ 10 000 մարդ հիշյալ ախտորոշումն ունի: Բավական մեծ տարածում ունեն նաեւ մտավոր հետամնացությունը եւ օրգանական ախտահարումներով պայմանավորված հոգեկան խանգարումները (երբ հոգեկան խնդրի պատճառը տարատեսակ ինֆեկցիաներն ու ինտոքսիկացիաներն են):

Սամվել Թորոսյանի հաղորդմամբ, աշխարհի բնակչության 25 տոկոսի մոտ այս կամ այն պատճառներով պայմանավորված հոգեկան խնդիրներ են ի հայտ գալիս, որոնցից ոչ ոք ապահովագրված չէ: Այդ իսկ պատճառով հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց հանդեպ վատ վերաբերմունքն անթույլատրելի է:

ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժի դիտարկմամբ, քչերը գիտեն, որ հոգեկան հիվանդությունները սովորաբար բուժելի են, եւ հոգեբույժների օգնությանը չեն դիմում, ինչը, բնականաբար, այնքան էլ ճիշտ չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում